Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա առաջնախաղ՝ տեղեկացնում են թատրոնի մամուլի ծառայությունից:
Հանդիսատեսի դատին կհանձնվի «Գարդենիա»՝ ըստ լեհ երիտասարդ դրամատուրգ Էլջիբեթա Հովանեցի համանուն պիեսի (թարգմանությունը՝ Իրինա Ադելգեյմի) ներկայացումը Գոռ Մարգարյանի բեմադրությամբ:
Չորս կին, որ հայտնվել են նույն իրավիճակում, չորսն էլ՝ գեղեցիկ, չորսն էլ՝ անանուն, ընդամենը համարակալված, չորսն էլ մտովի, ենթագիտակցաբար, նույնիսկ՝ անգիտակցաբար, փնտրում են իրենց սեփական ընտանիքի պատկերը՝ այդ փնտրտուքի ճանապարհին բացահայտելով իրենց ներսում քնած զգայական աշխարհը, որի ցուցադրումը ստեղծագործության հեղինակը կարողացել է հմտորեն պրոյեկտել կենցաղային խնդիրների ու ցանկությունների վրա։
Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Իռա Հարությունյանը, Ելենա Վարդանյանը, Հայարփի Զուռնաչյանը և Աննա Մանուչարյանը: Նկարչական ձևավորումն ու զգեստները՝ Նելլի Բարսեղյանի, երաժշտական ձևավորումը` Գոռ Մարգարյանի:
Առաջնախաղը տեղի կունենա օգոստոսի 20-ին: Ներկայացումը նվիրված է Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին: Օգոստոսի 20-ին կլրանար նրա 84 տարին:
Ներկայացումը նախատեսված է 16-ից բարձր հանդիսականների համար: Բոլոր ներկայացումները կանցկացվեն բացօթյա՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները: