Չնայած նրան, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության 2019/20 մրցաշրջանը դեռ չի ավարտվել, մեկնարկել է նոր մրցաշրջանը: Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանն ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում կներկայացնի «Արարատ-Արմենիան»: Նախորդ տարվա ձախողումը ծանր հետք է թողել հայ երկրպագուի սրտում:
Մեկ տարում թիմում փոփոխությունները շատ են, ամբողջությամբ փոխվել է նաև մարզչական շտաբը: Դավիդ Կամպանյայի գլխավորությամբ գործող չեմպիոնն Ավանի ակադեմիայում շարունակում է պատրաստվել դիմակայությունը: Դիմակայություն, որը բաղկացած է մեկ խաղից: 90 րոպե, միգուցե նաև լրացուցիչ ժամանակ կամ 11 մետրանոց հարվածաշար. հենց այսքան ունեն Հայաստանի չեմպիոններն իրենց կարճատև պատմության ընթացքում Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում որակավորման մեկ փուլ հաղթահարելու համար, որը կտա նաև Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության որակավորման երրորդ փուլի ուղեգիր:
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան իր մարզչական կազմով մեկ ամիս է, ինչ ակումբում է: Նպատակները՝ դրված թիմի առջև հստակ են` հասնել հաջողության ներքին լիգայում և կերտել պատմություն եվրագավաթներում: «Բայց ես երկարաժամկետ պլաններով չեմ առաջնորդվում, քանի որ ցանկանում եմ խաղից խաղ առաջ նայել ու առաջ գնալ քայլ առ քայլ: Դա է այն, ինչ պետք է մենք անենք»,- ասում է մարզիչը:
«Օմոնիան» 5 ամիս է պաշտոնական հանդիպման չի մասնակցել և, բնականաբար, խաղային պրակտիկան ազդեցություն կարող է ունենալ թիմի խաղի վրա: Կամպանյան իր թիմի ներուժի վրա վստահ է.
«Մեր մրցակիցը լավն է: Բայց մենք կարող ենք կռվել, պայքարել նրանց դեմ: Ամենից զատ, այս համավարակով պայմանավորված, ամեն ինչ փոխվել է, իրավիճակն անսովոր է ու իրականում` ավելի շատ շանսեր ունենք: Դուք տեսաք, թե Չեմպիոնների լիգայում ինչ անակնկալ արդյունքներ գրանցվեցին, և ես հուսամ, որ նման մի անակնկալ էլ մենք կկարողանանք գրանցել»:
«Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Արմեն Համբարձումյանն այս պահին մի բան կարող է խոստանալ.
«Միակ բանը, որ կարող ենք խոստանալ այն է, որ ամբողջ թիմը 100 տոկոսով նվիրվելու և պայքարելու է: Մենք բարձրացրել ենք մեր առջև դրված նշաձողը, և պետք է այն պահենք: Գլխավոր նպատակը՝ տեղի բոլոր մրցաշարերում հաղթելն է, իսկ Եվրոպա լիգայի խաղարկությունում որքան հնարավոր է հեռու գնալը»,- ասում է նա:
Այսօր կայացել է նախախաղային օնլայն ասուլիսը, որին ներկայացել էին Դավիդ Կամպանյան ու Յոան Գուֆրանը: Մարզիչը նշեց, որ Դմիտրի Աբակումովն ու Ֆուրջել Նարսինգը որոշակի խնդիրներ ունեն: Ընդհանուր առմամբ` տղաները պատրաստ են խաղին, իսկ Գուֆրանը վստահեցրեց որ նա իր փորձով օգնելու է յուրաքանչյուրին՝ թե խաղացողներին, և թե նույնիսկ մարզիչներին:
Արդեն հիմա հայտնի է, որ «Արարատ-Արմենիա»-«Օմոնիա» հանդիպումը կսպասարկի Սեբաստիան Կոլցեսկուն: Ռումինացուն եզրերում կօգնեն Ռադու Գինգուլեցը և բելառուս Անտոն Գուսևը: