ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հորդորում է աշակերտներին և ուսանողներին կամավոր ինքնամեկուսանալ կամ սահմանափակել շփումները:
«Կամավոր ինքնամեկուսացման կամ շփումների սահմանափակման կոչ աշակերտներին և ուսանողներին
Սիրելի՛ ծնողներ, աշակերտներ և ուսանողներ, արդեն տեղեկացրել ենք, որ բուհերում և հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը մեկնարկում է սեպտեմբերի երկրորդ կեսից (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների):
Ամբողջ տարվա ընթացքում ուսումնական գործընթացն ամբողջությամբ իրականացնելու, նոր սահմանափակումներից խուսափելու համար խնդրում ենք հնարավորության դեպքում սեպտեմբերի 1-14-ը ապահովել աշակերտների, ուսանողների շփումների սահմանափակում՝ կամավոր մեկուսացում, որպեսզի առավելագույնս կտրենք համավարակի տարածման շղթաները և ամենասկզբից վիրուսը չբերենք դպրոց՝ օգնելով նաև առողջապահական համակարգին՝ է՛լ ավելի նվազեցնել վարակվածների թիվը:
Շփումների զգալի սահմանափակումը մեծ հավանականությամբ կօգնի ուսումնական գործընթացը շարունակել առանց շեղումների՝ արդեն հաստատված դասացուցակներով և ծրագրերով:
Շնորհակալություն համագործակցության և ձեր քաղաքացիական կեցվածքի համար»,- գրել է նախարարը: