ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ քրեակատարողական ոլորտի լրջագույն բարեփոխումներից մեկը E-penitentiary էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումն է համարում։
«Այն ներառելու է անհրաժեշտ տեղեկություններ կալանավորված անձանց և դատապարտյալների առնչությամբ օրենսդրությամբ իրականացվող
բոլոր գործառույթների,
կազմվող փաստաթղթերի,
պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման,
պատժի կրման ռեժիմների փոփոխման,
տեսակցությունների և
ուսման վերաբերյալ։
Ընդ որում, լուսանկարելու, մատնահետքեր վերցնելու, ինչպես նաև տեսանկարելու ողջ գործընթացն իրականացվելու է թվայնացված եղանակով՝ արխիվացվելով յուրաքանչյուր անձի անվանական թղթապանակում:
Ավտոմատացված համակարգի առավելություններից է լինելու նաև ցանկացած ձևաչափով հաշվետվություններ ստանալու և վերլուծական աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը։
Համակարգի գործարկման աշխատանքներին զուգահեռ՝ ՔԿԾ կենտրոնական մարմնի և 12 քրեակատարողական հիմնարկների միջև արդեն իսկ ստեղծվել է
կորպորատիվ ցանց,
քրեակատարողական հիմնարկները համալրվել են տեխնիկական անհրաժեշտ միջոցներով (համակարգիչներ, նույնականացման քարտ և մատնահետք ընթերցող սարքեր ու սարքավորումներ, թվային լուսանկարման և տեսաձայնագրման հնարավորությամբ շարժական տեսախցիկներ և այլն),
տրվել են անհրաժեշտ ծրագրային լուծումներ,
կահավորվել է սերվերային սենյակը,
իսկ օգոստոսի 15-ից մեկնարկել են համակարգի օգտագործման համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման նպատակով քրեակատարողական ծառայողների վերապատրաստման դասընթացները։
Այլ գերատեսչությունների էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ համակցվող E-penitentiary էլեկտրոնային կառավարման համակարգն ամբողջությամբ կգործարկենք 2021 թվականից»,- գրել է նախարարը։