ԱՀ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինից հաղորդում են, որ նորարարական տեխնոլոգիաների զարգացման միտումներին համահունչ՝ Քրեակատարողական ծառայության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, թղթաբանությունը կրճատելու, արդյունավետ, թափանցիկ և հաշվետու կառավարում ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի՝ 2019-2023 թվականների ռազմավարությամբ և դրա իրականացման՝ 2019-2023 թվականների միջոցառումների ծրագրով նախատեսվել էր Քրեակատարողական ծառայությունում ներդնել E-penitentiary էլեկտրոնային կառավարման համակարգը` «Կալանավորված անձանց և դատապարտյալների տեղեկատվական ռեգիստրը»։
Ռազմավարական հիշյալ ուղենիշի իրագործման նպատակով Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և 12 քրեակատարողական հիմնարկների միջև արդեն իսկ ստեղծվել է կորպորատիվ ցանց, քրեակատարողական հիմնարկները համալրվել են տեխնիկական անհրաժեշտ միջոցներով (համակարգիչներ, նույնականացման քարտ և մատնահետք ընթերցող սարքեր ու սարքավորումներ, թվային լուսանկարման և տեսաձայնագրման հնարավորությամբ շարժական տեսախցիկներ և այլն), տրվել են անհրաժեշտ ծրագրային լուծումներ, ինչպես նաև կահավորվել է սերվերային սենյակ (տվյալների հավաքագրման կենտրոն)։
E-penitentiary համակարգն ամբողջությամբ ներառելու է անհրաժեշտ տեղեկություններ կալանավորված անձանց և դատապարտյալների առնչությամբ օրենսդրությամբ իրականացվող բոլոր գործառույթների, կազմվող փաստաթղթերի, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի կրման ռեժիմների փոփոխման, տեսակցությունների և ուսման վերաբերյալ։ Ընդ որում, լուսանկարելու, մատնահետքեր վերցնելու, ինչպես նաև տեսանկարելու ողջ գործընթացն իրականացվելու է թվայնացված եղանակով՝ արխիվացվելով յուրաքանչյուր անձի անվանական թղթապանակում:
Ավտոմատացված համալիրի առավելություններից է հանդիսանալու նաև ցանկացած ձևաչափով հաշվետվություններ ստանալու և վերլուծական աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը, այն համակցվելու է նաև այլ գերատեսչությունների էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ։
2020 թվականի օգոստոսի 15-ից մեկնարկել են համակարգի օգտագործման համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման նպատակով քրեակատարողական ծառայողների վերապատրաստման դասընթացները։
Ակնկալվում է, որ 2021 թվականից E-penitentiary էլեկտրոնային կառավարման համակարգն ամբողջությամբ գործարկվելու է։