ՀՏԶՀ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այս տարի շահագործման կհանձնվի Վանաձորի 7-րդ հիմնական դպրոցը: Այն վերակառուցվել է ՏԿԵՆ ՀՏԶՀ միջոցով իրականացվող՝ Հայաստանի դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Դպրոցի շահագործմանը զուգահեռ օրակարգային ամենակարևոր հարցը մնում է երեխաների ապահով անցումը դեպի դպրոց, քանի որ կառույցը գտնվում է Մ-6 միջպետական մայրուղու հարևանությամբ՝ ամենաբանուկ հատվածներից մեկում:
Ըստ վիճակագրության՝ նշված հատվածի վթարների ու վրաերթերի թիվը բավականին մեծ է, ցավոք, նաև մահվան ելքով:
Երեխաների անվտանգությունը լիարժեք ապահովելու համար վերնանցում կառուցելու անհրաժեշտություն կար: ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ՀՀ կառավարության ներդրած 35 միլիոն դրամով արդեն սկսել է վերգետնյա անցումի շինարարությունը: Կարճ ժամանակ անց 7-րդ դպրոցի շուրջ 300 աշակերտ փողոցը առավել անվտանգ կանցնեն:
Ըստ Վանաձորի քաղաքապետարանի՝ վերգետնյա անցումը կառուցվում է այնպես, որ հետագայում վերելակի տեղադրման միջոցով հնարավոր լինի հարմարեցնել նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաներին: Առայժմ վերջիններիս մուտքը դպրոց կկազմակերպվի դպրոցի հարևանությամբ գտնվող փողոցից՝ արդեն կառուցված թեքահարթակներով: