Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Կառավարության առաջադրած թեկնածու Վահրամ Ավետիսյանը հրաժարվում է դատավոր ընտրվելու համաձայնությունից: Դիմել է ԱԺ նախագահին՝ ներկայացնելով իր հիմնավորումները:
Վահրամ Ավետիսյան, ՀՀ ՍԴ դատավորի թեկնածու - «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից և հետագա քննարկումներից ինձ համար ակնհայտ դարձավ, որ պատգամավորների մի մասի՝ Սահմանադրական դատարանի դերակատարության, Սահմանադրական դատարանի դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումներն իմ մոտեցումներին և պատկերացումներին համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում նաև ինձ համար անընդունելի։
Մոտ երեք շաբաթ առաջ, երբ գործադիրը միաձայն հաստատեց Ավետիսյանի թեկնածությունը, մեծ աղմուկ բարձրացավ: Մի շարք իրավապաշտպաններ և հասարակական կազմակերպություններ քննադատեցին կառավարությանը՝ պնդելով, որ առաջադրած թեկնածուն ընտրվելու դեպքում բարձր ատյանում անկախ և անաչառ գործունեություն չի ծավալի:
Դատավորի թեկնածուին ուղղված ամենասուր քննադատություններն առնչվում են իր հոր՝ Դավիթ Ավետիսյանի գործունեությանը, որը 2008-2016 թվականներին եղել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը, քննել Մարտի 1-ին առնչվող գործեր:
Հուլիսի 30-ին «Իմ քայլը» խմբակցության հետ ավելի քան երեք ժամ տևած փակ հանդիպումից հետո Ավետիսյանը թեև չէր բացառել, բայց և շեշտել էր՝ թեկնածությունից հրաժարվելու հիմքեր այդ փուլում չի տեսնում՝ հորդորելով սպասել հետագա զարգացումներին:
Իշխանական խմբակցության հետ հանդիպումից հետո Ավետիսյանը մոտ 20 րոպե պատասխանել էր լրագրողների հարցերին, սակայն այդպես էլ չէր հստակեցրել՝ ինչ տպավորություն ուներ՝ պատգամավորները կընտրե՞ն իրեն, թե՞ ոչ: Այսօր արդեն Ավետիսյանն Ազգային ժողովում 80 ձայն ստանալը համարում է անիրատեսական, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը՝ աննպատակահարմար:
Իշխանական պատգամավորը դժվարանում է բացատրել՝ ինչով է պայմանավորված թեկնածուի անվստահությունը: Բեղլոյանն ընդունում է՝ նրան ուղղվել են հանրությանը հուզող գրեթե բոլոր հարցերը, սակայն վստահեցնում է՝ Ավետիսյանի հետ հանդիպումն այդ առումով չի տարբերվել այլ անձանց հետ հանդիպումից:
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեվորգյանը «Լուրերին» հայտնեց՝ Վահրամ Ավետիսյանի որոշումն ընդունել են ի գիտություն: