Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ սկսվել են Վայոց ձորի մարզում գտնվող Արջերի քարանձավի հետախուզական հնագիտական պեղումները՝ տեղեկացնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից: Աշխատանքներն իրականացվում են Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի արշավախմբի հետ համատեղ։
Մասնագիտական արշավախմբի պեղումների արդյունքում փաստագրվել են տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող խեցեղեն, քարե գործիքներ, իսկ վերգետնյա նյութի նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել նեոլիթ-էնեոլիթյան ժամանակշրջանի խեցեղենի առկայություն։
Ուշագրավ է, որ փաստագրվել է նաև, որ քարանձավը օգտագործվել է շատ ավելի վաղ ժամանակներից (250000-35000 տարի), ինչի մասին են վկայում նաև գտնված մի քանի միջին հինքարեդարյան գործիքները։ Աշխատանքների ընթացքում փաստագրվել են նաև մեծ քանակությամբ կենդանական ոսկորների մնացորդներ, բավական շատ մոխրաշերտ։
Ուսումնասիրությունները շարունակվում են: