Պետեկամուտների կոմիտեն մոտ 1.4 միլիարդ դրամի չափով հարկային նոր պարտավորություններ է ներկայացրել ԲՀԿ խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Օնիրա քլաբ» ընկերությանը։ Այդ մասին տեղեկանում ենք հրապարակային ծանուցումների «Ազդարար» համակարգից։
Լրացուցիչ հարկային պարտավորություններ գանձելու վերաբերյալ վարույթն սկսվել է հունիսի 20-ին։ Հուլիսի 20-ին ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը որոշել է 1 միլիարդ 379 միլիոն դրամի չափով գումար գանձել «Օնիրա քլաբից». այս գումարի մեծ մասը գոյացել է չվճարած պետական տուրքից, մի փոքր մասն էլ՝ տույժերից։ «Օնիրա քլաբը» շահագործում է Երևան-Պտղնի ճանապարհին գտնվող և Հայաստանի տարածքում ամենամեծը համարվող «Շանգրի լա» խաղատունը։
Հուլիսի 8-ին ֆինանսների նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների լիցենզավորող հանձնաժողովը որոշել էր ուժը կորցրած ճանաչել «Օնիրա քլաբին» տրված լիցենզիան՝ խաղատնային գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ պետական տուրքը չվճարելու համար։ Այժմ, բացի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց, ՊԵԿ-ը սկսել է նաև տուրքի գումարը գանձելու գործընթաց։ Ըստ ՊԵԿ-ի՝ «Օնիրա քլաբը» պատշաճ կերպով ծանուցվել է վարչական ակտ ընդունելու վերաբերյալ, սակայն չի ծանոթացել վարույթի նյութերին և որևէ բացատրություն չի տվել։ Գագիկ Ծառուկյանի փաստաբաններից Սմբատ Մինասյանը «Լուրեր»-ին հայտնեց, որ ՊԵԿ-ի ակտը վարչական դատարանում բողոքարկելու գործընթաց են սկսել։ «Դատալեքս» տեղեկատվական հարթակում, սակայն, այս բողոքարկման վերաբերյալ տեղեկություններ չկան։
Տուրքը չի վճարվել կորոնավիրուսի պատճառով
«Լուրեր»-ը Սմբատ Մինասյանին մի քանի հարց է ուղղել ինչպես խաղատան լիցենզիայի համար գումար չվճարելու «Օնիրա քլաբի» որոշման, այնպես էլ ՊԵԿ-ի կազմած վարչական ակտի վերաբերյալ։
- 1.4 միլիարդը հենց լիցենզիայի գումարն է, որը չի վճարվել։ Բողոքարկելու ենք ՊԵԿ-ի այդ ակտը` կապված և՛ այդ պարտավորության հետ, և՛ խաղատանը լիցենզիայից զրկելու հետ։ Խաղատան լիցենզիայի ամսական գումարը 400 միլիոն դրամից ավելի գումար է, ու երեք ամսվա վճարի մասին է խոսքը։
- Իսկ ինչո՞ւ «Օնիրա քլաբը» չի վճարել։
- Խնդիրն այն է, որ արտակարգ դրության ժամանակ, պանդեմիայով պայմանավորված, խաղատունը չի աշխատել, դիմել էին, որ հարկային պարտավորությունը տարաժամկետեք։ ՊԵԿ-ն էլ, երևի հաշվի առնելով Ծառուկյանի շուրջ էս ամբողջ կատարվողը, որոշել է, որ, չէ, պիտի վճարվի, մենք էլ դատական կարգով վիճարկել ենք, ու հույս ունեմ` դատարանը օբյեկտիվ կլինի։
- Հարկային պարտավորությունը չկատարելու դեպքում կարող է արգելանք դրվել «Օնիրա քլաբի» հաշիվների և գույքի վրա։ Արդյոք այս պահին ընկերության բաժնեմաս, հաշիվ կամ գույք արգելանքի տա՞կ է։
- Այս պահին նման բան չկա։ Մի խնդիր էլ կա, որ իրենք պարտավոր են պարտավորությունների վերաբերյալ որոշումը մեզ ավելի վաղ տրամադրել, որ մարդը հնգօրյա ընթացքում կարողանա իր պատճառաբանությունները կատարել։ Այնքան են շտապում, որ նման բաներ են անում։
- Ըստ որոշման՝ «Օնիրա քլաբին» հրավիրել են վարչական վարույթի նյութերին ծանոթանալու, կարծիք հայտնելու և այլն։ Ընկերությունը, սակայն, չի մասնակցել։ Ինչո՞ւ։
- Հինգ օր առաջ չպե՞տք է հայտնեն։ Եթե, օրինակ «Ազդարար»-ում տեղադրում են ու ասում՝ 15 րոպեից պիտի գաս, վարույթի մասնակցեք, ըստ Ձեզ, դա տրամաբանակա՞ն է։ Կամ ենթադրենք՝ հենց այդ օրը «Օնիրա քլաբն» այլ տեղում այլ վարույթի է մասնակցում, ի՞նչ է լինելու։
- Այսինքն, եթե կարճ ձևակերպենք, Դուք ասում եք, որ կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ շրջանառություն չի ունեցել խաղատունը և այդ պատճառով չի կարողացել վճարել տուրքը։
- Այո՛, ավելին ասեմ՝ «Օնիրա քլաբը» բոլոր գերատեսչություններին դիմել, ասել է՝ ժամանակացույց տվեք, վճարենք։ Անկախ ամեն ինչից՝ «Օնիրա քլաբ» միայն խաղատունը չի ներառում կան ռեստորաններ, հյուրանոցներ և այլն։ Գրել, ասել են՝ մենք էլ ենք տուժած ոլորտի ներկայացուցիչ, ժամկետ է պետք տրամադրել և այլն, խոսքն էլ մի քանի միլիոնի մասին չէ՝ մի քանի միլիարդի մասին է։
- Իսկ երբ նոր էր սկսվել կորոնավիրուսի տարածումը, ինչո՞ւ այն ժամանակ «Օնիրա քլաբը» չէր դիմում, որպեսզի իր լիցենզիան ժամանակավոր կասեցվի։
- Պատկերացրեք՝ դադարեցում լիներ։ Բա էդ մարդիկ աշխատավարձ չստանայի՞ն։ Փաստացի «Օնիրա քլաբն» ավելի լավ բան է արել, աշխատավարձ է տվել, չէին կարող սպասել, տեսնել՝ պետությունը սուբսիդավորո՞ւմ է, թե՞ չէ, երեք ամիս պանդեմիա է եղել։ Կսպասենք վարչական դատարանի որոշմանը, հետագայում, եթե կարիք եղավ, նաև վերաքննիչ, վճռաբեկ կդիմենք։
«Օնիրա քլաբի» հետ կապված մյուս գործընթացները
Ապրիլի 27-ին «Լուրեր»-ը գրել էր, որ ֆինանսների նախարարության համապատասխան հանձնաժողովի օրակարգում դարձյալ հայտնվել էր խաղատնային գործունեության լիցենզիան հետ կանչելու մասին որոշում։ Մայիսի 6-ին, սակայն, հանձնաժողովը վարույթը կարճեց, և, ինչպես պարզվել էր, «Օնիրա քլաբն» ինքն էր դիմել լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դիմումով, և ինքն էլ հետ էր վերցրել այն։
Հունիսի 15-ին ԱԱԾ-ն հաղորդել էր, որ «Օնիրա քլաբը» մոտ 30 միլիարդ դրամի վնաս է պատճառել պետությանը։ Մասնավորապես, ըստ ԱԱԾ-ի, «Օնիրա քլաբի» կողմից շահագործվող «Շանգրի լա» խաղատունը ներկայացվել է որպես 40 միլիարդ դրամի ներդրմամբ կառուցված բիզնես, նման ներդրումային ծրագրի համար ստացել առավելություններ ու արտոնություններ, մոլորեցրել պաշտոնատար անձանց։ Մեկ այլ դրվագով ԱԱԾ-ն հայտնել էր, որ նույն տարածքում «Օնիրա քլաբը» շահագործել է մեկ այլ խաղատուն՝ առանց հատուկ թույլտվության։ Ընկերությունն այս մեղադրանքները հերքել է։
«Օնիրա քլաբը» Հայաստանի խոշոր հարկատուներից է։ Ընկերությունը, բացի «Շանգրի լա»-ից, ներկայացնում է նաև «Փարավոն» խոշոր ժամանցային համալիրը, «Մուլտի գրանդ» հյուրանոցները։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի համաձայն՝ «Օնիրա քլաբի» խոշոր բաժնետերերն են Գագիկ Ծառուկյանն ու նրա կինը՝ Ջավահիր Ծառուկյանը։ Ընկերությունում բաժնեմաս ունի նաև Ծառուկյանին պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Մուլտի գրուպ կոնցեռնը»։