Արդեն 13 տարի Մոսկվայում, բայց հոգեպես ու մտքերով՝ Հայաստանում, Արցախում ու Լիբանանում եմ՝ ասում է ծնունդով լիբանանահայ Դրոն: Երկրի հայաշատ թաղամասերից մեկում էր ապրում՝ Ռաբբիում, Լիբանանի լեռներ են ասում: ժամանակին թիթեղյա տներում բնակվող հայերը տեղափոխվել են այստեղ ու այլ հայկական թաղամասեր, որտեղ հիմնականում քրիստոնյաներ են: Ապրում են իրենց փոքրիկ պետության մեջ ու առաջնորդվում, դաստիարակվում ներքին կանոններով՝ հայեցի: Երիտասարդների մեծ մասն իր պես մեկնել է արտերկիր, քանի որ երկիրը վաղուց արդեն ծանր սոցիալ-տնտեսական վիճակում է: Օրեր առաջ որոտացած պայթյունից հետո էլ իրավիճակն ավելի վատթարացավ: Նավահանգստի տարածքում բնակիչների մոտ 50 տոկոսը հայ է, պատմում է Դրոն, և հիմնականում մեծահասակներ:
Դրո Գնտոյան, «Միասին` Լիբանանի համար» խմբի հիմնադիր անդամ - «Երբ ընկերոջս հետ խոսում էի, ասաց՝ պայթյուն եղավ, մի րոպե հետո ասաց, որ պայթյունը նավահանգստում էր: Մինչ այդ շատ մոտ ընկերս Ֆինլանդիայից վերադարձել էր Բեյրութ, իրենք 500 մ հեռու են մնում նավահանգստից, առաջինը նա մտքովս անցավ, զանգեցի, պատասխան եկավ՝ ողջ ենք»:
Ավելի ուշ պիտի պարզվեր՝ 13 հայ զոհվեցին, հարյուրավորները վիրավորվեցին, շատերը մնացին անտուն ու անապրուստ: Մոսկվայից մինչև Ինդոնեզիա, Փարիզից Միացյալ Նահանգներ, Դրոն իր ընկերների հետ անմիջապես նախաձեռնեց «Միասին` Լիբանանի համար» խումբը՝ պայթյունից տուժածներին արտակարգ պայմաններում օգնելու նպատակով: Աշխատում են թափանցիկ հաշվետվությամբ՝ առցանց: Փրկության օղակը գնալով աստիճանաբար մեծացավ, հիմա մոտ 30 կամավոր կա խմբում: Հանգանակություններն ամբողջ աշխարհից են կատարվում: Կամավորների մի խումբն աշխատում է տեղում:
Սևակ Քեթենջյան, «Միասին՝ Լիբանանի համար» խմբի անդամ - «Մարդիկ կան, որ իրենց տունն արդեն քանդվել է ու վերանորոգման ենթակա չէ, զոհեր ունեն: Որոշեցինք երկու ձևով օգնել՝ նյութական ու վերանորոգումով»:
Մոսկվայից բեյրութահայերին, գումարից բացի, ուղարկել են նաև առաջին անհրաժեշտության իրեր, քանի որ մարդիկ տան հետ կորցրել են ամբողջ ունեցածն ու նույնիսկ թալանվել:
Արփինե Մինասյան, Բեյրութի բնակիչ - «Բոլոր պատուհաններն ու դռները ընկած են փողոցում, թաղին մէջ ունեցանք 6 մեռյալ, որոնցից 4-ը հայ են, իսկ երկուսը՝ տեղացի: Շատ վնասված շրջան է, ես ու ամուսինս, սակայն, մնացել ենք, չնայած էլեկտրականություն չունենք, հայերն օգնում են, վերանորոգել են շատ տներ...»:
Առաջնահերթ ընտրվում են ծայրահեղ ծանր վիճակում հայտնվածները՝ երեխաներ, որոնք կորցրել են ծնողներին, մեծահասակներ, որոնք միայնակ են մնացել, և անտուն, սոցիալական ծայրահեղ ծանր պայմաններում ապրողներին: Հավաքված գումարով վերանորոգում են տները, ժամանակավոր կացարաններ տեղափոխվելու միջոցներ տրամադրում: Տներն անվճար վերանորոգելու համար օգնության ձեռք է մեկնել նաև շինարարների մի մեծ խումբ:
Դրո Գնտոյան, «Միասին՝ Լիբանանի համար» խմբի հիմնադիր անդամ - «Երկրում քաոս է տիրում... Օրենք գոյություն չունի, փորձում ենք էդ մարդկանց կապել ուրիշ կազմակերպությունների հետ, որոնք բժշկական օգնություն կցուցաբերեն, նաև անվճար ճաշի հնարավորություն կտան»:
Արդեն գտել են 48 տուն, որոնց հավաքված միջոցներով կտրվի աջակցություն: Ցուցակում բոլոր կարիքավորներն են: