Ամփոփելով Գեղարքունիքի մարզ կատարած այցը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց, որ այսօրվա այցը տպավորիչ էր:
Վարչապետն ընդգծեց, որ 2018 թվականին ռազմավարական ծրագիր են որդեգրել, որ Սևանա լճի շուրջ ճանապարհները պետք է լինեն բարձր մակարդակի և բոլոր ափերը պետք է լինեն հավասարապես հասանելի: Փաշինյանը շեշտեց՝ կարող է ասել, որ գործնականում այդ խնդրի լուծման եզրափակիչ փուլին ենք հասել, և Սևանի արևելյան ափի տնտեսական զարգացման ռազմավարական հիմք է դրվել:
«Սևանի շուրջ 100 տոկոսով հասանելիությունը ապահովելու խնդիրը լուծվում է և այսօր հասել է հանգրվանի: Սա մեր առաջին արձանագրումն է»,- ասաց Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ գյուղական փողոցներ տեսավ, որոնք նախկինում երբեք ասֆալտապատ չեն եղել և ասֆալտապատվում են:
«Այդ գյուղական փողոցները ձեռք են բերում ջրահեռացման համակարգեր, որ երբեք գոյություն չեն ունեցել այնտեղ, փողոցային լուսավորություն, որ նախկինում գոյություն չեն ունեցել»,- ասաց վարչապետը՝ շեշտելով, որ գյուղերում, որտեղ երբեք մանկապարտեզներ չեն եղել, այժմ կառուցվում են:
Փաշինյանն ընդգծեց, որ այցի շրջանակում Գեղարքունիքի մարզում արձանագրել է հսկայածավալ աշխատանքներ:
«Ես արձանագրում եմ, որ տարածքային համաչափ զարգացման մեր որդեգրած բանաձևն աշխատում է. այդ բանաձևի անունն է սուբվենցիոն ծրագրեր»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ այսօրվա այցը պայմանականորեն անվանել է «հեղափոխության բերքահավաք», քանի որ դեռ 2018-ին մարդկանց խոստումներ էին տալիս, իսկ այսօր դրանք կատարվում են:
«Գյուղերում քաղաքակրթական հեղափոխություն է տեղի ունենում: Հեղափոխությունը մարդկանց ինքնազգացողությունը փոխել է, և Հայաստանը վեր է ածվում մեծ շինհրապարակի»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ տեսնելով կատարված աշխատանքները, իրեն հարց է տվել, թե այսքանից հետո որևէ մեկը պետք է ասի՞, թե ինչու են նախարարները և մարզպետները պարգևավճարներ ստանում:
«Ճիշտ են անում, որ ստանում են: Դա իմ որոշումն է եղել, դա ճիշտ որոշում է, և մեր նախարարները, կառավարության անդամները պետք է, այո՛, ստանան արժանապատիվ վարձատրություն, և դա նաև ժողովրդի պատիվն է: Հայաստանի ժողովուրդը պետք է ուրախանա, որ Հայաստանում գործում են նախարարներ, որոնք այդ պարգևավճարի կարիքն ունեն ու թալանով զբաղված չեն»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ նրանք, որոնք թալանով կմտածեն զբաղվել, գիտեն, որ խստորեն կպատժվեն: