ԿԳՄՍ նախարարությունը բավարարել է ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի վարչական բողոքները:
«Քաղաքացի Դ. Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ վարույթ հարուցելու և գիտական աստիճան շնորհելու մասով համապատասխան հրամանն անվավեր ճանաչելու մասին Բարձրագույն որակավորման նախագահի հուլիսի 9-ի և 17-ի որոշումների վերաբերյալ Դ. Գալոյանը նախարարություն էր ներկայացրել վարչական բողոքներ։
Հարուցված վարչական վարույթի շրջանակում ուսումնասիրվել են բողոքների մանրամասները, ինչպես նաև իրականացված գործողությունների իրավաչափությունն ու համապատասխանությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի կարգավորումներին:
Բողոքների և դրանց քննարկման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների համակողմանի վերլուծության արդյունքում բողոքները բավարարվել են:
ԲՈԿ նախագահի՝ 09.07.2020 թ. հրամանով Դ.Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ հարուցված վարույթը ճանաչվել է ամբողջությամբ ոչ իրավաչափ, իսկ Դ.Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու մասին 17.07.2020 թ. հրամանը ճանաչվել է առոչինչ»,- նշված է ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին Դ.Գալոյանն ընտրվել է ՀՊՏՀ ռեկտոր, նույն օրը ԲՈԿ նախագահի հրամանով անվավեր էր ճանաչվել նրա՝ դոկտորի գիտական աստիճանը: