Թուրքիայի իշխանությունը սպառնալիքներ է հնչեցնում Հունաստանի, Հայաստանի, հիմա նաև Ֆրանսիայի հասցեին: Ռեջեփ Էրդողանը ֆրանսիական կողմին մեղադրում է Հունաստանի և Կիպրոսի հետ ապօրինի գործողություններ իրականացնելու համար: Օգոստոսի 13-ից Ֆրանսիան ռազմանավեր, պարեկային և մարտական ուղղաթիռներ է մոտեցրել Միջերկրական ծովի՝ թուրք-հունական լարվածության գոտուն՝ աջակցություն հայտնելով հունական կողմին: Փարիզը սա համարում է ծովային անվտանգության պահպանում և հարգանք միջազգային իրավունքի նկատմամբ:
Դեռևս 2010-ից թուրքական կողմը նկրտումներ ունի Կիպրոսի և Հունաստանի ծովային տարածքի նկատմամբ այնտեղ հայտնաբերված մեծ քանակությամբ գազի պաշարների համար: Թուրքիան համարում է, որ այդ պաշարներից օգտվելու իրավունք ունեն նաև Կիպրոսի թուրքական բռնազավթված տարածքի բնակիչները: 2019-ի հունիսից թուրքական հետազոտական նավերը հորատման աշխատանքներ են կատարում գազի հանքավայրերում:
Հունական կողմը, ԱՄՆ-ն, ԵՄ-ն և շատ այլ պետություններ բազմիցս դատապարտել են Թուրքիայի գործողությունները: Օգոստոսի 14-ին տեղի է ունեցել հունական և թուրքական նավերի բախում, ինչի հետևանքով տուժել է 3 թուրք զինծառայող:
Կիպրոսի ափերի մոտ տեղի ունեցող լարվածության աճին օգոստոսի 15-ին արձագանքեց նաև Հայաստանի արտգործնախարարությունը, ինչը յուրահատուկ ագրեսիայով ընդունվեց Թուրքիայի դիվանագիտական կորպուսում:
«Տեսնում ենք, որ Արևելյան Միջերկրականի մասին կարծիք հայտնելու հավակնություն ունեցող Հայաստանն աշխարհի աշխարհագրության ու այդ աշխարհագրության մեջ իր տեղի հետ կապված սխալմունքի մեջ է։ Այստեղ խնդիրը ոչ թե Սևանա լճի մասին է, այլ Արևելյան Միջերկրականի: Այն, որ ԱՄԷ-ից ու Ֆրանսիայից հետո ծով ելք չունեցող Հայաստանն է համարում, որ տարածաշրջանում խոսքի իրավունք ունի, ցույց է տալիս, թե ինչ ընդգրկում ունի հակաթուրքական նենգ դաշինքը, որը ցանկանում են ձևավորել»:
Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակը հայտարարության վերջում կոչ է արել «դասեր քաղել պատմությունից»՝ միաժամանակ աջակցություն հայտնելով «եղբայրական Ադրբեջանին»:
Հայաստանին ուղղված սպառնալիքների ֆոնին թուրքական ռազմական սուզանավը մտել է հունական Հռոդոս կղզու ջրային տարածք և ընդհուպ մոտեցել կղզու ափերին: Հունաստանը և Կիպրոսը զգուշացրել են անհամաչափ պատասխանի մասին՝ մարտական պատրաստության վիճակի բերելով իրենց զինված ուժերը:
Հեղինակ՝ Նաիրի Հոխիկյան