Իսպանիայում, որտեղ վարակվածության աճի տեմպն ամենաբարձրն է Եվրոպայում՝ 116 վարակված 100 հազարից, փակվում են գիշերային ակումբները: Բարերն ու ռեստորանները պետք է աշխատեն մինչև գիշերը ժամը 1-ը: Արգելվել է ծխելը հասարակական վայրերում, եթե չկա հեռավորություն պահելու հնարավորություն: Սահմանափակումներ են մտցվել ծերանոցներ այցելությունների ժամանակ, հայտնում է Euronews-ը:
Ֆրանսիայում արդեն երկրորդ օրն անընդմեջ վարակակիրների թիվը գերազանցում է 3 հազարը: Դիմակներ կրելը պարտադիր է դարձել նույնիսկ փողոցում` հիմնականում քաղաքների կենտրոններում: Ֆրանսիայի մայրաքաղաքը Մարսելի նման հայտարարվել է բարձր ռիսկային տարածք:
Իտալիայի կառավարությունը երեք շաբաթով փակում է բոլոր դիսկոտեկներն ու պարահրապարակները, իսկ շրջանները զրկված են այդ հաստատությունները վերաբացելու վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքից: Փողոցում դիմակ կրելը պարտադիր է դարձել առավոտյան 6-ից մինչև երեկոյան 6-ը:
Հունաստանը, մտահոգված օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում վարակակիրների թվի աճով, ընդլայնում է այն երկրների ցուցակը, որոնց քաղաքացիները երկիր մուտք գործելիս պետք է ցույց տան կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը: Այդ ցուցակում ընդգրկված են Բելգիան, Իսպանիան, Նիդեռլանդները, Չեխիան և Շվեդիան: