ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքի ուղիղ միացմամբ այսօր անդրադարձել է կառույցին առնչվող հարցերին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԿԳՄՍ նախարարությունը բավարարել է ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի վարչական բողոքները՝ անվավեր ճանաչելով ԲՈԿ նախագահի հրամանները:
Հուլիսի 17-ին Գալոյանն ընտրվել է ՀՊՏՀ ռեկտոր, նույն օրը ԲՈԿ նախագահի հրամանով անվավեր էր ճանաչվել նրա՝ դոկտորի գիտական աստիճանը:
ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն ասաց, որ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ցանկանում է անդրադառնալ իր հասցեին հնչող մեղադրանքներին, թե ինչու ԲՈԿ-ը զրկեց Դիանա Գալոյանին դոկտորի գիտական աստիճանից, բայց ոչ ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին:
Գոգյանը նշեց, որ երբ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը ֆիքսեց, որ Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության հետ կապված կան խնդիրներ, դրանից հետո գրություն է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարին, որի պատասխանը եղել է այն, որ ԲՈԿ-ը, ԲՈՀ-ը եղել է վարչական մարմին, բոլոր հրամանները վարչական ակտեր են, և ԿԳՄՍ նախարարությունն իրավունք ունի ԲՈԿ-ի, ԲՈՀ-ի և բոլոր հրամանները վերադասության կարգով չեղյալ համարել:
«Դա նշանակում էր, որ ԿԳՄՍ նախարարությունը պարտավոր էր վարչական վարույթ հարուցել, ուսումնասիրել գործը և որոշում կայացնել Ռուբեն Հայրապետյանին գիտական աստիճանից զրկելու վերաբերյալ, սակայն դա տեղի չունեցավ, և հունվարի 31-ին ԿԳՄՍ նախարարը մեկ այլ հարցում ուղարկեց պարոն Բադասյանին, թե արդյոք ոչ թե ԿԳՄՍ նախարարությունը, այլ ԲՈԿ-ը կարող է չեղյալ համարել իր ակտերը»,- ասաց Գոգյանը՝ տեղեկացնելով, որ պատասխանը հաստատեց, որ ԲՈԿ-ը նույնպես կարող է չեղյալ համարել իր կայացրած որոշումները:
Գոգյանը տեղեկացրեց, որ ԲՈԿ-ին ուղարկված պատասխանի հետ ուղեկցվող գրության մեջ Արայիկ Հարությունյանը գրել է՝ ի գիտություն ընդունել, որ հիմքերի առկայության դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով, կարող են ձեռնարկել համապատասխան միջոցներ և արդյունքների մասին տեղեկացնել նախարարությանը:
Գոգյանի խոսքով՝ իրենք գրությունը ստացել են փետրվարի 19-ին և իմացել, որ ԲՈԿ-ն իրավունք ունի զրկել գիտական աստիճանից։
Նրա խոսքով՝ Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության փաստերը հրապարակվել էին օգոստոսի 23-ին: Եթե դրան գումարվի 6 ամիս, ապա ստացվում է փետրվարի 23, և իրենք գրությունը ստանալուց հետո 2 աշխատանքային օր են ունեցել, որի ընթացքում, Գոգյանի խոսքով, հնարավոր չէր վարչական վարույթ իրականացնել, լսումներ հրավիրել և կայացնել որոշում:
«Այն հիմքը, որ Դիանա Գալոյանի՝ դոկտորի գիտական աստիճանը վերականգնվել է, մասնավորապես այն պատճառով, որ ԲՈԿ-ը խտրական էր վերաբերվել իր անձի հանդեպ, ասեմ, որ դա իրականությանը չի համապատասխպանում: ԲՈԿ-ը կզրկեր Ռուբեն Հայրապետյանին նույնպես, եթե ունենար այդ ժամանակը»,- պարզաբանեց Գոգյանը: