Պարտադիր է պահպանել սոցիալական հեռավորություն՝ հորդորում է վարչապետ Փաշինյանն ու անցնում շրջայցի: Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում ծանոթանում է մանկապարտեզի նորոգմանը: Գործարկումից հետո պարտեզը 3-ի փոխարեն 4 խումբ կունենա:
Համայնքի ղեկավարը ներկայացրել է նաև Լճաշենի խնդիրները: Այս պահին չի մշակվում Լճաշենի հողերի 50 տոկոսը, համայնքի ղեկավարի խոսքով պետք է հասնեն 100 տոկոսանոց արդյունքի:
Ծովասար համայնքն էլ՝ առաջին անգամ մանկապարտեզ կունենա: Կառուցվում է համաֆինանսավորմամբ, բայց եռակողմ՝ համայնք, կառավարություն, մասնավոր: Համայնքում շրջայցն ավարտվում է բնակիչների հետ զրույցով: Գյուղից մոտ 1 կմ հեռու ապրող բնակիչներից մեկը գազի ու ջրի խնդիր ունի: Խնդիրը մյուս տարի կլուծվի սոուբվենցիոն ծրագրով՝ վստահեցրեց մարզպետը: Փաշինյանն էլ հավելեց՝ տուն կառուցելիս հարկավոր է նաև այդ հարցերը հաշվի առնել:
Լիճքի 4.5 կմ ճանապարհը նորոգում են արտերկրում աշխատող մեր հայրենակիցները: Նոր կառուցվող թաղամասին անցում է հարկավոր, բարձրաձայնում են գյուղացիները, տեղական իշխանությունը խոստանում է՝ կկառուցեն եկող տարի, ճանապարհը նաև մայթեր կունենա: Սուբվենցիոն ծրագրով կավարտվի նաև ջրագծի կառուցումը:
Գանձակի 2 կմ երկարությամբ Բաղրամյան փողոցը համայնքի գլխավոր ճանապարհն է: 80-ականներից հետո ճանապարհը չի նորոգվել՝ ասում են բնակիչները: Նորոգվում է նաև գյուղի կենտրոնական հրապարակը:
Վարչապետը շրջել է նաև Վարդենիկում, հետևել 6 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությանը: Համայնքապետի խոսքով` վերջին 2 տարում գյուղում 12 կմ ճանապարհ է հիմնովին ասֆալտապատվել:
Ընթացքի մեջ է նաև երբևէ ասֆալտի երես չտեսած Արծվանիստի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգումը: Բարեկարգվել է 3.3 կմ ձգվող մինչև Վանեվան վանական համալիր տանող ճանապարհը: 9-րդ դարի եկեղեցին կդառնա զբոսաշրջային նոր վայր:
Արեգունի-Ծափաթաղ գրունտային ճանապարհը նույնպես հիմնանորոգվել է: 20 կմ էլ բարեկարգված ճանապարհը կկապի Ծովագյուղը-Վարդենիսին: Այս ճանապարհներին 200 տոկոսով ակտիվացել է մեքենաների շարժը, արձանագրում է մարզպետը:
Սևանա լճի շուրջ ճանապարհների հիմնանորոգումը ռազմավարական ծրագրի մի մասն է, շրջայցն ամփոփում է վարչապետը: Մարզերի համահավասար զարգացման կառավարության սոբվենցիոն ծրագրերի բանաձևը հաջողել է, ասում է Փաշինյանը:
Այս տարի Գեղարքունիքում նորոգվել է 120 կմ ճանապարհ, համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի գինն էլ 6 մլրդ 400 մլն դրամ է: