Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի հերթական առաջնությունը, որին կրկին մասնակցում է 10 թիմ: Այս անգամ առաջնության նորեկը Չարենցավանի «Վանն» է, որը կարճ ժամանակում արժանացել է ֆուտբոլասերների համակրանքին: Անկախ Հայաստանի պատմության մեջ Չարենցավանը ներկայացնող ակումբը խաղում է ուժեղագույնների խմբում:
Առաջին տուրում «Վանը» սեփական հարկի տակ՝ Չարենցավանում, ընդունել էր մարզային մեկ այլ թիմի՝ «Գանձասար-Կապանին»: «Վանի»՝ խաղին պատրաստվածությունն առավել քան բարձր մակարդակի վրա է: Ցավոք, հայտնի պատճառներով, խաղին չէին կարող ներկա լինել երկրպագուները, այլապես, ասեղ գցելու տեղ դժվար թե լիներ, սակայն որոշները՝ չնայած ակումբի փոխնախագահի կոչերին, հայտնվելով մարզադաշտի մերձակայքում, աջակցում էին իրենց սիրելի թիմին:
Խաղի մեկնարկը հաջող էր «Վանի» համար: 19-րդ րոպեին Նիկիեման խախտեց խաղի կանոնները Աջումանիի նկատմամբ, իսկ նշակետից դիպուկ էր թիմի պատմության լավագույն ռմբարկու Ուիլֆրեդ Էզամ՝ խփելով «Վանի» պատմության առաջին գոլն ուժեղագույնների շարքում: 7 րոպե անց նույն Էզան խախտեց կանոնները նույն Նիկիեմայի հետ հետ պայքարում, իսկ 11 մետրից դիպուկ էր կապանյան թիմի լավագույն ռմբարկու Գեղամ Հարությունյանը: 67-րդ րոպեին Էբերտի եզրից կատարած փոխանցումը գլխի հարվածով եզրափակեց թիմի նորեկ, փորձառու Միհրան Մանասյանը: «Վանն» իր դեբյուտային խաղում հաղթեց 2:1 հաշվով:
Խաղից հետո թիմի նորանշանակ մարզիչ Սևադա Արզումանյանը նշեց, որ գոհ է առաջին խաղի արդյունքից: Փորձառու մասնագետի խոսքով` հաղթանակը կոտրեց հոգեբանական պատնեշը: «Վանում» նորեկները շատ են. կան և փորձառու, և երիտասարդ ֆուտբոլիստներ, ներկա են նաև որակյալներ լեգիոներներ: Մնում է սպասել Սևադա Արզումանյանի ճիշտ համադրմանը, և արդյուքնենրը երկար սպասեցնել չեն տա: