Օգոստոսի 15-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Դավիթ Միրզախանյանը և Հայաստանում ՆԹ նորանշանակ դեսպան Նիկո Սխերմերսն այցելեցին Նիդեռլանդների հարավային Լիմբուրգ նահանգ, որտեղ հանդիպումներ ունեցան Մաաստրիխտի Անի հայ համայնքի ներկայացուցիչների և Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական խորհրդի անդամների հետ։
Հյուրերին բարի գալուստի խոսքով դիմեց եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Լևոն Սարկիսը, այնուհետև, ներկայացվեց Մաաստրիխտի հայ համայնքի պատմությունը և կենսագործունեությունը։
Դեսպան Ն․ Սխերմերսը շնորհակալություն հայտնեց հանդիպման կազմակերպիչներին, խոսեց հայ-նիդեռլանդական երկկողմ հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ այն նոր մակարդակի է բարձրացվել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո, և այդ հանգամանքով պայմանավորված` Նիդեռլանդների կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Հայաստանի իշխանություններին՝ երկրում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների ճանապարհին։
Հաջորդիվ խոսքը փոխանցվեծ ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Դ․ Միրզախանյանին, ով, միանալով համայնքի ներկայացուցիչների՝ դեսպան Ն․ Սխերմերսին ուղղված ողջույնի խոսքերին, նշեց, որ պարոն Սխերմերսը մինչև այժմ միակ եվրոպական դեսպանն է, ով նշանակվելուց հետո նախքան Հայաստան մեկնելը հանդիպումների շարք է նախաձեռնել հայ համայնքային կառույցների հետ, ինչի մասին տարբեր առիթներով հայտարարել է նաև ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։
Դ․ Միրզախանյանը Ն․ Սխերմերսին տեղեկացրեց, որ Մաաստրիխտը պատմական քաղաք է ո՛չ միայն Նիդեռլանդների համար, որտեղ ստորագրվել է ԵՄ հիմնադիր փաստաթուղթը, այն նաև յուրահատուկ տեղ է զբաղեցնում նիդեռլանդահայության կյանքում և սփյուռքահայ իրականության մեջ։ Ասվածի վկայությունն է այն փաստը, որ քաղաքի հովանավոր սուրբը՝ Սուրբ Սերվատիոսը, ազգությամբ հայ է և համարվում է ներկայիս Նիդեռլանդների տարածքում քրիստոնեություն քարոզող 1-ին եպիսկոպոսը։
Իր խոսքի վերջում Դ․ Միրզախանյանն ամենայն հաջողություններ մաղթեց Ն․ Սխերմերսին ստանձնած նոր առաքելության մեջ և հույս հայտնեց, որ երկու դեսպանությունների ակտիվ համագործակցության, ինչպես նաև ՆԹ հայ համայնքային կառույցների ներգրավվածության միջոցով հայ-նիդեռլանդական հարաբերությունները նոր որակ կստանան։
Զրույցի ավարտին Ն․ Սխերմերսը հատուկ կարևորեց դեսպան Տ․ Բալայանի դերը Հայաստանում Նիդեռլանդների դեսպանություն բացելու գործում՝ նշելով, որ այն իրականություն է դարձել ՀՀ դեսպանության և անձամբ դեսպան Բալայանի կողմից նիդեռլանդական կարևոր քաղաքական շրջանակների հետ գրագետ լոբբինգ իրականացնելու արդյունքում։
Հանդիպումից հետո հյուրերն այցելեցին Մաաստրիխտի կենտրոնում գտնվող Սուրբ Սերվատիոսի բազիլիկ եկեղեցի, շրջայց կատարեցին քաղաքում, ծանոթացան հայակական ժառանգություն կրող այլ կոթողների։