Հուլիսի 23-ին, օգոստոսի 6-ին և 13-ին Եթովպիայի «EBS» խոշոր հեռուստաընկերության եթերով հեռարձակվեց 3 մասից բաղկացած հաղորդում` Հայաստանի, Եթովպիայում հայ համայնքի և ՀՀ դեսպանության մասին, որը համատեղ պատրաստվել էր ՀՀ դեսպանության և «Eshi Media and Communication» ընկերության կողմից` Ադիս Աբեբայի հայ համայնքի մասնակցությամբ։
Հաղորդման մաս կազմող հարցազրույցի ընթացքում Եթովպիայում ՀՀ ժամանակավոր հավատարմատար Արտեմ Ազնաուրյանը ներկայացրեց հայ-եթովպական պատմական կապերը, երկու ժողովուրդներին կապող ընդհանրություններն ու ավանդույթները, հայ համայնքի դերը Եթովպիայի պատմության մեջ, Եթովպիայում հայկական ժառանգությունը, հայ-եթովպական կապերի զարգացման հեռանկարները, Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև Ադիս Աբեբայում Հայաստանի դեսպանության առաջիկա ծրագրերը:
Հաղորդմանը մասնակցող հայ համայնքի անդամները ներկայացրեցին հայկական խոհանոցը, արվեստն ու մշակույթը համայնքին վերաբերող պատմություններ։ Հաղորդման ընթացքում ցուցադրվեց Հայաստանի մասին պատմող տեսաշար։