«Պարզ լճի շրջակայքում վարձակալությամբ տրամադրված տարածքների տարեկան վճարները պետք է վերանայվեն։ Դրանք անհամաչափ են և չեն համապատասխանում բնության հատուկ պահպանվող տարածքի վարձակալության իրական արժեքին։ Առկա իրավիճակն անընդունելի է»,- ասել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ «Դիլիջան» ազգային պարկի Պարզ լիճ կատարած շրջայցի ժամանակ:
Նախարար Պետրոսյանը հանձնարարել է շուտափույթ ուսումնասիրել և վերանայել վարձակալության պայմանագրի համապատասխան դրույթները։
Բացի դրանից՝ նախարարն առանձնահատուկ ընդգծել է տնտեսվարողի կողմից՝ այցելուների համար նախատեսված օբյեկտներում սեպտիկ հորերի և կոյուղաջրերի մաքրման կայանների տեղադրման անհրաժեշտությունը։
«Որևէ տնտեսվարող, որն իրավունք է ստացել վարձակալությամբ օգտագործել բնության հատուկ պահպանվող՝ անգամ մեկ քառակուսի մետր տարածք, իրավունք չունի աղտոտել այն։ Ընդհակառակը, պարտավոր է անել ամեն բան՝ բնության վրա մարդածին ճնշումը բացառելու համար»,- նշել է նախարարը։
Շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է լճի էկոհամակարգային խնդիրներին, «Դիլիջան» ազգային պարկի ղեկավարությանը հանձնարարել ամենժամյա ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի բնության յուրօրինակ հուշարձանի պահպանությունը։