Ապագա դիվանագետի հարցադրումներն անպատասխան են: Չգիտի՝ խնդրի դեպքում ում դիմել, եթե բոլորն ասում են սպասել է պետք: Մի քանի ամիս ԵՊՀ-ն առանց հոգաբարձուների խորհրդի է: Մարտի 23-ին նախատեսված հոգաբարձուների նիստը, որի ընթացքում պետք է ընտրվեր ԵՊՀ ռեկտորը, տեղի չունեցավ՝ պայմանավորված կառավարության արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ: Մարտի 30-ին էլ ավարտվեց հոգաբարձուների խորհրդի լիազրությունների ժամկետը: Արդյունքում` մայր բուհը մնաց առանց հոգաբարձուների խորհրդի, չընտրվեց նաև ռեկտորը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը: 32 անդամից բաղկացած խորհրդի 25 տոկոսին կամ ութ անդամին ընտրել է ուսանողական խորհուրդը, ութին պրոֆեսորադասախոսական կազմը, 25 տոկոսին առաջադրել է ԿԳՄՍ նախարարությունը, վերջին ութին՝ կառավարությունը: Կազմը հաստատված է, բայց Արմեն Ավետիսյանը կարևոր է համարում՝ ով կընտրվի խորհրդի նախագահ: Պնդում է՝ ղեկավարը պետք է լինի պրոֆեսորադասախոսական կազմից: Ասում է՝ միայն ներսի մարդը գիտի խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները:
Ե՞րբ կընտրվի հոգաբարձուների խորհրդի նախագահը, հայտնի չէ: Չգիտեն նաև, երբ կլինի խորհրդի առաջին նիստը, որն էլ կընտրի ռեկտորին: Ուսանողական խորհրդի նախագահի դիտարկմամբ, ճիշտ չէ, եթե նոր կազմը որոշի ռեկտորի աթոռի համար նոր թեկնածուներ որոնել համալսարանից դուրս: Ուսանողներով շատ են քննարկել հարցն ու նաև գրավոր հայտարարել՝ ռեկտորը պետք է ներսից լինի:
Նախորդ խորհուրդը ռեկտորի չորս հայտ էր հաստատել: Թեկնածուներից Ռուբեն Մելքոնյանը հարցադրումներ ունի՝ ինչպես են որոշվել հոգաբարձուների խորհրդի անդամները, ծանոթ են արդյոք համալսարանի ներքին խոհանոցին: Խորհուրդը պետք է ընտրի ռեկտորին, հաստատի բուհի բյուջեն, կառուցվածքը, հաստիքացուցակը, զարգացման ռազմավարական ծրագրերը:
Պրոֆեսորադասախոսական կազմն էլ նախորդ հոգաբարձուների խորհրդին դիմել էր՝ աշխատավարձերը 20 տոկոսով բարձրացնելու համար: Ասում են` մի քանի տարի է աշխատավարձերը խոստացել, չեն բարձրացրել: Ի վերջո, ե՞րբ հոգաբարձուների խորհուրդը կընտրի ռեկտոր: «Լուրերը» կապ հաստատեց խորհրդի կազմի մի քանի անդամի հետ: Որոշները քաղաքում չէին, որոշներն էլ ասացին՝ նպատակահարմար չեն գտնում խոսել թեմայի վերաբերյալ: