Բնասեր զբոսաշրջիկն այստեղ դեռ ոտք չի դրել։ «Դիլիջան» ազգային պարկի Հաղարծին տեղամասի անտառի միջով մոտ 2 կմ ձգվող ոտքի ճանապարհը, որին կեսից ուղեկցում է անանուն գետակը, ավարտվում է անակնկալ տեսարանով` մոտ 7 մ բարձրությամբ ջրվեժ։ Չտրորված արահետը երկար ժամանակ աչքից հեռու է պահել բնության այս անաղարտ անկյունը։ Այսպիսով` ազգային պարկի 23 քայլարշավային երթուղիներին կավելանա ևս մեկը։ Նարեկն է փնտրել, գտել․ գործն է այդպիսին:
Նարեկ Հովհաննիսյան, «Դիլիջան» ազգային պարկի էկոտուրիզմի զարգացման մասնագետ - 24-րդ երթուղին հայտնաբերվել է ազգային պարկի` 2019 թ.-ի կառավարման պլանով նախատեսված նոր արահետի մշակման աշխատանքների շրջանակում: Արահետի հայտնաբերման համար տեղեկություններ եմ կարողացել վերցնել Հաղարծինի բնակիչներից, հիմնականում` տարիքով մեծ մարդկանցից։
Ճիշտ է, ցուցանակներ և ուղղորդող նշաններ դեռ չկան, բայց արահետի անունն արդեն որոշված է․ այն պետք է իրար կապի տեղանքի անցյալն ու ներկան,- ասում է Նարեկը։
Նարեկ Հովհաննիսյան, «Դիլիջան» ազգային պարկի էկոտուրիզմի զարգացման մասնագետ - Հաղարծին գյուղի բնակիչ, պատմաբան Արմեն Գրիգորյանի հետ որոշեցինք արահետն անվանել Կարասի ջրվեժի արահետ, որովհետև այն տարածքում, որտեղ հայտնաբերվել է ջրվեժը, ժամանակին եղել է գյուղատեղի, էդ ժամանակաշրջանին բնորոշ են եղել կարասային թաղումները, հայտնաբերվել է մատուռ` ավերված։
Երթուղին պատշաճ կներկայացվի և հասանելի կդառնա էկոտուրիզմի սիրահարների համար: Նարեկի առաջին ուղեկիցները մեր նկարահանող խումբն էր և երևանաբնակ Հովհաննիսյանները։ Բնասեր ընտանիքը, որ գերադասում է հանգիստն անցկացնել դիլիջանյան անտառներում, տեսածից տպավորված է:
Համավարակը ներքին տուրիզմն է խթանել, նաև` բնության հանդեպ հետաքրքրությունը։ Գրավիչ բացահայտումներ դեռ շատ կլինեն, կարևորը` պատասխանատու վերաբերմունքի պակաս չլինի: