Կորոնավիրուսի տարածման հանգամանքների վերլուծությունն ամբողջ աշխարհում վերածվել է մեծ թվաբանության, երբ հիվանդության դեմ պայքարի հաջող լինելու մասին հուշում է միայն վիճակագրությունը: Իսկ թվերը վկայում են, որ Հայաստանում հակահամաճարակային վիճակը վերջին երկու շաբաթում բարելավվել է, և հաջողվել է կոտրել կորը:
Օգոստոսի 10-ից ի վեր Հայաստանում կատարվել է 7768 թեստավորում: Դրական է եղել 1085 նմուշառման արդյունք: Այսինքն՝ Քովիդ-19-ով հիվանդացել է թեստավորված քաղաքացիների 13.9 տոկոսը: Համեմատության համար ընդգծենք, որ մեկ ամիս առաջ նույն ժամանակահատվածի կտրվածքով արվել է 11 030 թեստ, հաստատվել վարակման 2726 դեպք: Դրական թեստերը կազմել են 24,7 տոկոս: Այսպիսով, վարակի տարածումը վերջին մեկ ամսում դանդաղել է մոտ երկու անգամ:
Վերջին 6 օրում կորոնավիրուսից մահացել է 26 մարդ: Մահերի ընդհանուր թիվը հասել է 817-ի: Մեկ ամիս առաջ այդ ցուցանիշը կազմել է 60 մարդ: Վերջին շաբաթներին Հայաստանում օրական ապաքինվածների քանակը զգալի գերազանցում է վարակման նոր դեպքերը: Վերջին հինգ օրում մեր երկրում հիվանդությունը հաղթահարել է 1964 քաղաքացի, ինչը 879-ով ավելին է վարակվածների քանակից:
Քովիդ-19-ի բուժման համար հարմարեցված մի քանի բուժհաստատություն արդեն վերադարձել է բնականոն աշխատանքի: Առողջապահական համակարգն այժմ գերծանրաբեռնված չէ: Միաժամանակ, պարետատունը չի բացառում երկրորդ ալիքի հավանականությունը որոշ սահմանափակումների մեղմացման հետևանքով:
Կորոնավարակի վերջնական հաղթահարումը մասնագետները կապում են պատվաստանյութի ստեղծման հետ: Ռուսաստանն առաջինն է աշխարհում գրանցել այն: Պատվաստանյութի արտադրությունն արդեն մեկնարկել է: Առաջին փուլում այն ներարկելու են բուժաշխատողներին: Սակայն հարցումները ցույց են տվել, որ նրանցից միայն 24,5 տոկոսն է համաձայն պատվաստվելուն: