Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Լիբանանում տեղի ունեցած պայթյունից հետո բնական է, որ Բեյրութում ապրող մեր հայրենակիցները և հատկապես ՀՀ քաղաքացիները պետք է ակնկալեին Հայաստանի Հանրապետության աջակցությունը:
Հիմա, երբ Կառավարությունն առաջին օգնությունը ցուցաբերել է Լիբանանին, առաջին քայլերն արված են, մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որ եթե այնտեղ ապրող մեր հայրենակիցները որևէ պատճառով որոշեն հեռանալ Լիբանանից, ապա նրանց հանգրվանը դառնա մեր երկիրը, որպեսզի ազատ, երջանիկ և բարեկեցիկ ապրելու համար նոր հնարավորությունը ստանան հենց Հայաստանում:
Եվ, որ ամենակարևորն է, պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստան գալուց հետո նրանք այլ երկիր տեղափոխվելու մասին չմտածեն, ինչպես դա պատահեց շատ սիրիահայերի դեպքում:
Այս նպատակով առաջին հերթին սոցիալական աջակցության և ինտեգրման ծրագրեր պետք է մշակել և գործող ծրագրերը վերանայել: Այս ուղղությամբ աշխատանքներն սկսված են, և նախարարությունը ևս մասնակցում է քննարկումներին»: