BBC-ի HardTalk հաղորդման հյուրը Հայաստանի վարչապետն է: Կոշտ զրույց բարեփոխումների, կորոնավիրուսի, Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության թեմաներով: Սակայն BBC-ի հաղորդավարի հարցերի մեծ մասը Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին է: Սթիվեն Սակուրի կարծիքով՝ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը նաև պետք է հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհ գտներ, վարչապետը հակադարձում է՝ խաղաղության բանաձև ինքն առաջարկել է.
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Այն հետևյալն է՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի և՛ Հայաստանի, և՛ Լեռնային Ղարաբաղի, և՛ Ադրբեջանի ժողովուրդների համար։ Եվ ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, որ ասում է՝ խնդիրը պետք է ընդունելի նաև Ադրբեջանի ժողովրդի համար։ Բայց, ցավոք, Ադրբեջանի առաջնորդը չարձագանքեց:
Երևանից հնչող խաղաղության կոչերին Բաքվում պատասխանում են պատերազմի սպառնալիքով: Վարչապետ Փաշինյանը հեռուն չի գնում, միայն վերջին դեպքերն է հիշեցնում՝ թե ինչպես այս հուլիսին հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերից շաբաթներ առաջ Ադրբեջանի իշխանությունն, ի դեմս նախագահի, ավելացրել էր ռազմատենչ հայտարարությունների չափաբաժինը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Ադրբեջանի կառավարության առջև մի կարևորագույն մարտահրավեր կա, այն է` բացատրել սեփական հանրությանը, թե ինչու չկարողացան հակամարտությունը լուծել ուժի միջոցով այն դեպքում, երբ միլիարդավոր դոլարներ են ծախսվել ռազմական նպատակներով՝ ի հաշիվ Ադրբեջանի ժողովրդի բարեկեցության։ Ադրբեջանի հարձակումը ձախողվեց, և այդպիսով հօդս ցնդեց Հայաստանի նկատմամբ իրենց ռազմական գերակայության միֆը:
Իսկ ո՞ր երկիրն է, այնուամենայնիվ, առաջինը խախտում հրադադարը՝ Հայաստա՞նը, թե Ադրբեջանը: Վարչապետ Փաշինյանն ասում է՝ հասկանում է միջազգային հանրությանը, որն ամեն անգամ ստիպված է լսել Երևանի և Բաքվի փոխադարձ մեղադրանքները, թե ով առաջինն սկսեց։ Փաշինյանն ունի այս հարցը վերջնականապես փակելու տարբերակը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք ներդնել հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմներ։ Եվ սա միանգամայն հիմնավորված առաջարկություն է Հայաստանի կողմից:
Հայաստանը հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին: Անվտանգության առումով` Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, աշխարհի տարբեր երկրներում ՆԱՏՕ-ի հետ մասնակցում ենք խաղաղարար առաքելություններին, Եվրամիությունը մեր հիմնական գործընկերն է բարեփոխումների գործընթացում, ԱՄՆ-Իրան հարաբերություններով պայմանավորված խնդիրներ էլ չունենք:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Մենք ամեն ինչ անում ենք Միացյալ Նահանգների և Իրանի հետ մեր ներկայիս լավ հարաբերությունները պահպանելու համար:
Հայաստանն այժմ համավարակի հաղթահարման գործընթացում է,- ասում է Նիկոլ Փաշինյանը, խորհուրդ տալիս՝ կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության գործողությունների արդյունավետության մասին խոսել համավարակը հաղթահարելուց հետո: Վարչապետը վստահ է՝ կորոնավիրուսը հաղթահարելուց հետո Հայաստանը կշարունակի նախորդ տարի գրանցված տնտեսական հաջողությունները:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - 2019 թվականին մենք ունեցանք Եվրոպայում ամենամեծ տնտեսական աճը։ Մեր երկիրը հսկայական առաջընթաց արձանագրեց նաև միջազգային բոլոր վարկանիշների գծով` ժողովրդավարություն, խոսքի ազատություն, դատական համակարգի անկախություն, հակակոռուպցիոն քաղաքականություն։ Երկու տարի շարունակ միջազգային հեղինակավոր հանդեսների կողմից Հայաստանը ճանաչվեց տարվա երկիր ոչ միայն ժողովրդավարության, այլև տնտեսական ցուցանիշների առումով:
Խոսելով նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններից՝ վարչապետը նկատում է՝ ինքը չի որոշում, թե ով պետք է կալանավորվի և ով՝ ազատ արձակվի:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Մեր նպատակն է` ապահովել օրենքի գերակայությունը, ստեղծել անկախ դատական համակարգ և վարել հստակ հակակոռուպցիոն քաղաքականություն:
Վարչապետ Փաշինյանն ասում է՝ միջազգային հանրությունը քաջատեղյակ է և գնահատում է այդ բոլոր ոլորտներում Հայաստանի հսկայական առաջընթացը: