2020 թվականի օգոստոսի 14-ին վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն այցելել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։
Հանդիպմանը մասնակցում էին վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ՝ Տարոն Հակոբյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ՝ Վրեժ Գալոյանը և մի շարք պաշտոնատար անձինք։
Ասոյանը շնորհակալություն է հայտնել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության կանխարգելմանն ուղղված ամենօրյա վերահսկողական գործառույթները պատշաճ կազմակերպելու համար, նաև կարևորել ստուգումների, ուսումնասիրությունների ընթացքում հանդիպող խնդիրների ու խոչընդոտների վերհանումը, գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու մեխանիզմները, օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունները։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատար Գնել Հասրաթյանը ներկայացրել է տեսչական մարմնի 2020 թվականի ընթացքում իրականացվելիք ստուգումների, տարեկան գործունեության ծրագրերով նախատեսված միջոցառումների ընթացքն ու ժամանակացույցը, առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները, նաև այլ հաշվետվություններ։
Քննարկվել են ԲԸՏՄ կառավարման խորհրդի առաջիկա նիստի օրակարգային հարցեր, դոնոր կազմակերպությունների հետ նախատեսված ծրագրերի ուղղությունները, համագործակցության ռազմավարությունը, բյուջետային ֆինանսավորման մի շարք հարցեր։