Այսօր հնագետի օրն է: Տոն է այն մարդկանց համար, ովքեր սիրով ու նվիրումով աշխատում են մեր դարավոր հուշարձանների տարածքներում՝ բացահայտում շատ ու շատ անհայտ էջեր մեր մշակույթից:
Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորական խոսք է հղել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը: Նա, մասնավորապես, ասել է.
«Օգոստոսի 15-ը հնագետի օրն է։ Սրտանց շորհավորում եմ մեր գործընկերներին մասնագիտական տոնի առիթով և մաղթում նրանց նորանոր նվաճումներ։
Հնագետների շնորհիվ բացահայտում ու ճանաչում ենք մեր անցյալի ու պատմության թաքնված ու հետաքրքիր շատ էջեր, իմանում՝ մ․թ․ա․ հազարամյակներից մինչև մեր օրերը մշակույթի, մարդկանց կենսակերպի, սովորույթների մասին։
Հնագետները յուրօրինակ կապող օղակ են անցյալի ու ներկայի միջև։ Հենց նրանց շնորհիվ արդեն բացահայտված մեր հուշարձանները Հայաստան այցելող զբոսաշրջիկներին ներկայանում են իբրև մեր մշակույթի քարե անձնագրերը։
Հայաստանի հնագիտության պատմության էջերում իրենց ուրույն տեղն ունեցող հնագետների թողած հսկայական ավանդը այսօր ծառայում է ոլորտի զարգացմանը ու խոստանում նորանոր բացահայտումներ անել մեր մշակույթի դեռևս չբացահայտված էջերի մասին։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագետները ևս իրենց համեստ ավանդն են ներդնում այդ շատ արժեքավոր ինստիտուտի զարգացմանը։
Կրկին անգամ շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում նորանոր ձեռքբերումներ»։