Համավարակի հետևանքները մեղմացնելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում շրջանառության մեջ է դրել նախագիծ, որն առաջարկում է պետության աջակցության տրամադրում այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն այս տարվա մարտի 13-ից մինչև դեկտեմբերի 1-ը գործազուրկ դարձած անձանց:
1lurer.am-ի հետ զրույցի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց. «Առաջարկը հետևյալն է, որ նրանք, ովքեր ազատվում են, այս ընթացքում ներկայացնեն իրենց աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը մեր զբաղվածության տարածքային կենտրոններին, հաշվառվեն որպես գործազուրկ, կկարողանան օգտվել ծրագրից: Ծրագրի աջակցությունը ցուցաբերվելու է գործատուին»:
Նախաձեռնությունն ընդունվելու դեպքում գործատուները ծրագրի միջոցով միանվագ կստանան 250 հազար դրամի փոխհատուցում:
«Պետք է գործատուները նկատի ունենան, որ եթե օգտվեն այս ծրագրից, ապա պարտավոր են լինելու մեկ տարի աշխատանքային պայմանագրային հարաբերությունները շարունակել: Չեն կարող այսօր մեկին ընդունել աշխատանքի, սակայն մեկ-երկու ամիս հետո պայմանագիրը լուծարել»,- ասաց Ժորա Սարգսյանը:
Նա շեշտեց, որ աշխատակցի հետ պայմանագիրը խզելու դեպքում ցուցաբերված աջակցությունը վերադարձվելու է պետբյուջե: Գործազուրկները, որոնք ծրագրի միջոցով կարող են դառնալ աշխատողներ, նույնպես չեն կարողանա մեկ տարվա ընթացքում խզել պայմանագիրը: Այդ դեպքում ևս նախատեսված է գումարի վերադարձ՝ բացառությամբ հաշմանդամություն ունեցող անձանց:
Ժորա Սարգսյաննի խոսքով՝ այդ մեկ տարվա աշխատանքային փորձն աշխատողին նոր հմտություն կտա ու աշխատաշուկայում մրցակցային կդարձնի: Սեզոնային աշխատանքները 12 ամիս չեն տևում, 6 ամիս աշխատելուց հետո կարող են շարունակվել հաջորդ տարի: Նախագծի հեղինակներն այդ հանգամանքը նույնպես հաշվի են առել:
«Տվյալ դեպքում նայում ենք ոչ թե 12 ամիս իրար հաջորդող, այլ սեզոնայինի պարագայում՝ գումարային 12 ամիս, որպեսզի, ամեն դեպքում, մեկ տարի մեր ծրագրի շահառուն լինի աշխատող: Դրա համար սեզոնային աշխատողների պարագայում ամիսներով է գրված»,- ասաց Սարգսյանը:
Ծրագիրը, նախնական հաշվարկներով, նախատեսված է 500 շահառուի համար:
Սարգսյանը նշեց, որ շահառուների քանակի փոփոխությունը կդիտարկվի պետբյուջեի հնարավորություններից, առաջարկից ու պահանջարկից կախված: Ժորա Սարգսյանի հավաստմամբ՝ Զբաղվածության պետական ու մի շարք այլ ծրագրերով արդեն բավական շատ մարդիկ են տեղավորվել աշխատանքի:
Նա շեշտեց, որ իրենց հորդորն ու խնդրանքն է, որպեսզի աշխատողներն աշխատանքային հարաբերությունների մեջ լինեն իրենց գործատուների հետ: Նրա խոսքով, իրավիճակը նաև ցույց տվեց, որ տարբեր պետական ծրագրեով աջակցությունների տրամադրման դեպքում որոշ աշխատողներ ու գործատուներ բախվեցին խնդիրների, օրինակ՝ իրենց աշխատողների թվաքանակի հետ կապված:
Ե՛վ գործատուները, և՛ աշխատակիցները սկսեցին կարևորել աշխատանքային հարաբերությունների գրանցված լինելը: