Ասել, որ Հայաստանը լիբանանահայերի հանդեպ վարում է հայրենադարձության քաղաքականություն, կնշանակի՝ մենք թելադրողի դերում ենք, մենք ենք ստեղծում իրավիճակը, որի արդյունքում մարդիկ ուզում են հայրենադարձվել հայրենիք: Սակայն իրականում մենք դիտորդի դերում ենք եղել մինչ այժմ, մենք չենք թելադրել հայրենադարձության ընթացք Լիբանանում՝ այսօր հրավիրած ասուլիսում նշեց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ նշելով, որ Լիբանանում ստեղծված հանգամանքներն են ստիպել գալ սրան:
Դրանցից է, ըստ նրա, երկարաժամկետ տնտեսական ճգնաժամը, որի հետևանքները շատ լուրջ են, բանկային համակարգը շուրջ մեկ տարի է՝ կաթվածահար է եղած:
Նաև Արևմուտք-Արևելք-Իրան-Միացյալ Նահանգներ շահերի բախման գործընթաց է տեղի ունենում, չի դադարում Սուննի-Շիա-Եվրոպա «պայքարը»:
«Մեր խոսակցություններից պարզ դարձավ, որ մարդկանց մեջ լուրջ վախ կա, որ այնտեղ կարող են տեղի ունենալ սիրիական քաղաքացիական պատերազմ հիշեցնող երևույթներ: Սրան ավելացնենք նաև համավարակի պատճառով առաջ եկած հավելյալ տնտեսական խնդիրները: Եվ վերջին պայթյունն էլ, կարծես, վերջին հարվածն էր Լիբանանի ժողովրդին և լիբանանահայությանը»,- նշեց Սինանյանը:
Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը ներկայացրեց «Գյուլբենկյան» հիմնադրամի՝ 2019-ի հոկտեմբերին Լիբանանում տեղի հայերի շրջանում անցկացրած հարցման արդյունքները, ըստ որոնց՝ հարցվածների 58%-ը նշել է, որ մոտ ապագայում լքելու են Լիբանանը, իսկ 49%-ը նշել է, որ մտածում են Հայաստան գալու մասին:
«Մենք՝ որպես պետություն, նախ՝ օրինական պատասխանատվություն ենք կրում մեր քաղաքացիների նկատմամբ: Իսկ դեսպանատան տվյալներով՝ մոտ 25 հազար լիբանանահայ ՀՀ քաղաքացի է, և երկրորդ՝ բարոյական պատասխանատվություն ենք կրում մեր բոլոր հայրենակիցների առաջ՝ անկախ նրանից՝ քաղաքացի են, թե ոչ: Հետևաբար այն լիբանանահայերը, որոնք լքելու են Լիբանանը, բնականաբար, ցանկանում ենք, որ գան Հայաստան»,- նշեց Սինանյանը:
Որ չկրկնվի Իրաքից և Սիրիայից Հայաստան ապրելու եկած հայրենակիցների պատմությունը, և լիբանանահայերն էլ այստեղ աշխատանք ու ապրելու հնար չգտնելով հեռանան երկրից, Կառավարությունը մի փաթեթ է պատրաստում, որ կարողանա հավուր պատշաճի ընդունել Հայաստանում ապրել ցանկացող լիբանանահայերին, և որ նրանք մնան հայրենիքում, դառնան հասարակության լիիրավ անդամներ, քաղաքացիներ, հայրենիքի զինվորներ, հարկ վճարողներ, ովքեր մեզ հետ միասին կկերտեն մեր հայրենիքը: