Արդեն վերսկսվել է աշնանացան ցորենի ծրագիրը՝ այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ այն առանձնահատուկ նպատակ ու կարգավորման եղանակներ ունի:
«Մենք հայտարարել ենք՝ Հայաստանում ցորենի աճեցման ընթացքում հիմնական խնդիրներից մեկը ոչ որակյալ սերմի օգտագործումն է, որի արդյունքում արդյունավետությունն էապես ընկնում է: Եվ հատկապես առավել փոքր ծավալով գյուղատնտեսություն վարող տնտեսություններում է խնդիրն առկա: Կառավարությունը հայտարարեց, որ առաջիկա տարում խրախուսելու և ֆինանսապես աջակցելու է բոլոր գյուղացիական տնտեսություններին, որոնք կորոշեն, որ որպես սերմացու օգտագործելու են ոչ թե իրենց պահած սերմացուն, այլ սերմացուն ձեռք են բերելու շուկայում առկա՝ որպես սերմացու վաճառող մատակարարներից»,- նշեց նախարարը:
Խաչատրյանը մանրամասնեց, որ որակյալ սերմացուն պարենային ցորենից ավելի բարձր արժեք ունի՝ մոտ 100-120 դրամ, դրա համար էլ հայտարարվեց, որ սերմացու գնելու դեպքում, եթե շուկայում մատակարարը վաճառում է գյուղացիական տնտեսությանը և իր գործունեությունը վարելու է 2-20 հեկտար մակերեսի վրա, ապա յուրաքանչյուր կիլոգրամ ցորենի համար 70 դրամը կվճարի Կառավարությունը:
«Գյուղացիական տնտեսությունը դրանից ստանում է 2 և ավելի անգամ բարձր արտադրողականություն: Եթե մեկ հեկտարի համար ստանում էր առավելագույնը 1.5-1.8 տոննա ցորեն, ապա որակյալ սերմացու օգտագործելով՝ կստանա 3.5-4 տոննա ցորեն»,- նշեց Խաչատրյանը: