ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում գործող «Սևանի իշխան» հիմնադրամի ձկնաբուծարան, ինչպես նաև Սևանա լճում տեղադրված «Սևան Ակվա» ՍՊԸ, որտեղ ցանցավանդակներով պահվում են իշխան տեսակի ձկներ:
Տեսչական մարմնի ղեկավարը ծանոթացել է իրավիճակին, գնահատել կատարվող աշխատանքի որակը, տնտեսավարողի հետ քննարկել արտադրությանն ու արտահանմանը, մակնշմանն ու փաթեթավորման ամբողջականությանն առնչվող հարցեր:
Նա շեշտել է սահմանված անասնաբուժասանիտարական անվտանգության նորմերի, ինչպես նաև տեխնոլոգիական հրահանգների պահպանման, վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների ապահովության, կանխարգելիչ և բուժիչ միջոցառումների իրականացման կարևորությունը: Ավետիսյանը նաև պատրաստակամություն է հայտնել ՍԱՏՄ գործառույթների շրջանակում աջակցել արտահանման հարցում:
Հայաստանում գործող ձկնատնտեսություններում ամեն տարի անցկացվում են մշտադիտարկումներ՝ խմբաքանակների մեջ անցանկալի նյութերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, տնտեսությունների սանիտարական վիճակը, ձկների համար օգտագործվող կերերի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաև ձկան և ջրի մեջ մնացորդային նյութերի առկայությունը պարզելու նպատակով: Մշտադիտարկումներ կիրականացվեն նաև այս տարի: