Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լիբանան կատարած այցից հետո կիսվեց տպավորություններով՝ նշելով, որ հանդիպումների արդյունքում ստացած տեղեկությունը հակասական է:
«Հոգևոր առաջնորդների հետ հանդիպումների ընթացքում հետևյալ պատգամն էր մեզ փոխանցվում, որ լիբանանահայությունն ամուր է, կառչած է լիբանանյան հողին, որ համայնքը վերականգնվելու, ամրանալու է, և այս ամենն անցողիկ է: Գրեթե բոլոր այլ կազմակերպությունների և հատկապես անհատների հետ հանդիպումների ընթացքում բացահայտ էր մարդկանց խուճապային տրամադրությունը և ցանկությունը լքել Լիբանանը, իսկ մեծ մասի մոտ՝ գալ Հայաստան:
Խնդիրն իրականում շատ բարդ է, քանի որ մարդիկ ֆիզիկապես չեն կարող գալ, որովհետև բանկային այս սահմանափակումների արդյունքում նրանք չեն կարող իրենց գումարը հանել բանկից, տնտեսական ճգնաժամի արդյունքում չեն կարողանում վաճառել իրենց բնակարանները, բիզնեսը, իսկ սրանք այն գումարներն են, որոնք նրանք նախատեսում էին որպես հիմք իրենց հաջորդ հանգրվանը կերտելու համար»,- նշեց Սինանյանը:
Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը նշեց, որ հուլիսի 14-ի, 21-ի, 28-ի, օգոստոսի 4-ի և 11-ի հինգ չվերթներով Լիբանանից Հայաստան է եկել 370 մարդ:
Հայաստանից Լիբանանին մարդասիրական օգնություն հասցրած 3 ինքնաթիռներ իրենց հետ հայրենիք են վերադարձրել 101 մարդու:
«Նույնիսկ կորոնավիրուսային սահմանափակման ընթացքում այս գործընթացը տեղի է ունենում, և մենք չենք թելադրող դերում, մենք պարզապես կարող ենք լինել ընդունողի դերում: Այն պատրաստությունները, որ այսօր տեսնում ենք, չի կարելի ասել, որ միայն լիբանանահայերի համար է կոնկրետ, մենք ընդհանրապես պատրաստություն ենք տեսնում բոլոր հայրենադարձների համար, սակայն ամեն բան անում ենք, որ Լիբանանից հեռանալ և Հայաստանում հաստատվել ցանկացողներին ընդունենք հավուր պատշաճի և իրենք քիչ պատճառ ունեն Հայաստանից մեկնելու և այլ երկրում հաստատվելու»,- նշեց Սինանյանը: