«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ Ամբերդ տանող ճանապարհը հիմնանորոգելու առաջարկությամբ։ Այդ մասին նա հայտնել է Ֆեյսբուքի էջում:
«Ինչպես հայտնի է, Արագածոտնի մարզում գտնվող Ամբերդ ամրոցը ներկայումս Հայաստանում լավ պահպանված եզակի ամրոցներից է։ Այն ձգում է զբոսաշրջիկների ինչպես արտերկրից, այնպես էլ Հանրապետության տարբեր մարզերից։
Սակայն դեպի ամրոց տանող ճանապարհը գտնվում է խիստ անբարեկարգ վիճակում, ինչը բնականաբար անդրադառնում է զբողաշրջիկների քանակի վրա։ Խոսքը Հայոց այբուբենի հուշարձանի մոտից դեպի Բյուրական, Ամբերդ գնացող հատվածի մասին է։
Ըստ այդմ՝ առաջարկել եմ հիմնանորոգել դեպի Ամբերդ տանող ճանապարհը, ինչը կունենա կարևոր դրական ազդեցություն ինչպես դեպի Բյուրական և Ամբերդ զբոսաշրջային հոսքի վրա, այնպես էլ կբարելավի տեղացիների կենսապայմանները»,- գրել է Մարուքյանը։