Օգոստոսի 14-ին «Իմ Քայլը» հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների հետ՝ ի դեմս փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի և Ժաննա Անդրեասյանի:
Կառավարության ներկայացուցիչները ծանոթացել են Հիմնադրամի գործունեության հինգ ոլորտներից երկուսի հետ: Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն ու սոցիալական և առողջապահական ծրագրերի համակարգող Գայանե Ղազարյանը մանրամասներ են հաղորդել Հիմնադրամի մշակած և կյանքի կոչվող «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագրի մասին, որի մեկնարկը տրվել է այս տարվա մայիսին: Ի թիվս ծրագրի բազմաթիվ բաղադրիչների՝ կարիքի գնահատումից մինչև վերանորոգում ու առողջ ապրելակերպի իրազեկման արշավ, փոխնախարարներին ներկայացվել է նաև դպրոցներում առողջ ապրելակերպի պայմանների գնահատման առցանց գործիքը, որը շուտով կգործարկվի և հնարավորություն կտա բոլոր դպրոցներին ծրագրի մասնակցության հայտ ներկայացնել՝ գործիքը բարեխղճորեն ու պահանջներին համապատասխան լրացնելով:
Գործիքի կիրարկումը չափազանց կարևոր է ծրագրի արդյունավետության համար, ուստի դրա ստեղծման վրա կենտրոնացվել է լուրջ ռեսուրս: Դրա շնորհիվ Հիմնադրամը կիրականացնի հանրակրթական դպրոցների քարտեզագրում՝ ըստ ֆիզիկական վիճակի, խնդիրների ծավալի և բնույթի, ինչը թույլ կտա սահմանել խնդիրների առաջնայնությունը: Ծրագրի հեղինակները հույս են հայտնում, որ վերոնշյալ քայլերը կնպաստեն տվյալահեն որոշումների կայացմանը: Առցանց գործիքն անցնելու է փորձարկման փուլ՝ ունենալով հղկվելու անընդհատ հնարավորություն:
Հիմնադրամի մշակութային ծրագրերի համակարգող Լիլիթ Գրիգորյանը ներկաներին պատմել է «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում նրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի մասին: Ծրագիրը մի քանի փուլով և ուղղությունով արդեն ընթացքի մեջ է: Հայաստանի 10 մշակույթի տուն մասնակցում է հիմնադրամի մշակած պիլոտային ծրագրին, որը միտված է մշակույթի տների մարդկային կարողությունների հզորացմանը, ենթակառուցվածքների բարենորոգմանը ու տեխնիկական վերազինմանը: Ծրագրի նպատակն է մշակույթի տների հզորացման միջոցով ունենալ համայնքային ազդեցության կենտրոններ:
Փոխնախարարները, ողջունելով Հիմնադրամի որդեգրած փիլիսոփայությունն ու արված աշխատանքը, կարևորել են նախարարության և հիմնադրամի միջև համագործակցությունը և ջանքերի համադրումը: Փոխլրացնող աշխատանքն ավելի կբարձրացնի երկու կառույցների անելիքների արդյունավետությունը՝ ծախսարդյունավետությունից մինչև դպրոցների շենքային վիճակների պարտադիր տեղեկության փոխանակում: Հիմնադրամի ներկայացուցիչները նույնպես կարևորել են պետության հետ համընթաց ու Հայաստանի Հանրապետության շահերից բխող գործունեությունը: