Տարիներ ձգվող տնտեսական և քաղաքական ճգնաժամ, համավարակ. Դրան գումարվեց վերջին աղետալի պայթյունը, որը Լիբանանին մոտ 15 միլիարդ դոլարի վնաս հասցրեց: Պայթյունի հետևանքով Մերձավոր Արևելքի ամենամեծ հայ համայնքն էլ տուժեց. 13 զոհ, մոտ 300 վիրավոր և բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը գտնելու համար Հայաստանը ոչ միայն հումանիտար օգնություն ուղարկեց, այլև պատվիրակություն գործուղեց՝ խնդիրները տեղում ուսումնասիրելու և ծրագրեր մշակելու համար: Օգոստոսի 9-11-ը Լիբանանում էր նաև Սփյուռքի գործերով գլխավոր հաձնակատարը, Զարեհ Սինանյանի խոսքով՝ բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, հասցրել տեղում մի շարք խնդիրներ լուծել:
Զարեհ Սինանյան, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար - Ինչ խնդիրներ ենք ունեցել: Հայաստանի ուշադրությունից դուրս ենք, այդ հարցը լուծվել է, մարդիկ, որոնք ապաստան չեն ունեցել, բայց ՀՀ քաղաքացի են, դրա լուծումը տրվել է:
Նույնիսկ համավարակի շրջանում տեղի ունեցած 5 չվերթով Հայաստան է եկել 370, իսկ Լիբանանին օգնություն հասցրած երեք ինքնաթիռով՝ 101 մարդ: Ըստ Սինանյանի՝ տնտեսական և բանկային համակարգի ճգնաժամը, համավարակն ու արդեն նաև պայթյունի հասցրած վնասներն են լիբանանահայերին ստիպում մտածել հայրենադարձության մասին:
Զարեհ Սինանյան, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար - Պատասխանատվություն ենք կրում մեր բոլոր հայրենակիցների առաջ՝ անկախ նրանից՝ քաղաքացի են, թե ոչ: Հետևաբար այն լիբանանահայերը, որոնք լքելու են Լիբանանը, բնականաբար, ցանկանում ենք, որ գան Հայաստան:
Լիբանանահայերի վերադարձը կազմակերպելը, սակայն, այնքան էլ հեշտ չէ: Բանկային սահմանափակումների պատճառով չեն կարող գումար հանել, տնտեսական ճգնաժամի պատճառով չեն կարողանում վաճառել սեփականությունը:
Զարեհ Սինանյան, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար - Այն պատրաստությունները, որ այսօր տեսնում ենք, չի կարելի ասել, որ միայն լիբանանահայերի համար է կոնկրետ, մենք ընդհանրապես պատրաստություն ենք տեսնում բոլոր հայրենադարձների համար, սակայն ամեն բան անում ենք, որ Լիբանանից հեռանալ և Հայաստանում հաստատվել ցանկացողներին ընդունենք հավուր պատշաճի և իրենք քիչ պատճառ ունեն Հայաստանից մեկնելու:
Որ չկրկնվի Իրաքի և Սիրիայի հայրենադարձների պատմությունը, և լիբանանահայերը հաստատվեն Հայաստանում, կառավարությունը հատուկ փաթեթ է պատրաստում: Լիբանանի և Հայաստանի միջև էլ թռիչքները չեն ընդհատվել, շաբաթական մեկի փոխարեն իրականացվում է երկու թռիչք: Հատկապես որ հանվել է Հայաստանի քաղաքացիություն չունեցողների մուտքի սահմանափակումը, ցանկացողները կարող են անարգել վերադառնալ հայրենիք: