Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ասուլիսի ընթացքում ներկայացնելով հակաճգնաժամային 24-րդ միջոցառումը, նշեց, որ աջակցությունն ուղղված է գինեգործությամբ և կոնյակագործությամբ զբաղվող կազմակերպություններին, սակայն աջակցության առանձնահատուկ պայման կա: Գումարները ոչ թե ստանում են կազմակերպությունները, այլ բանկային հաշվեհամարներին ստանում են այն գյուղացիական տնտեսությունները, որոնք խաղող են վաճառել մթերող կազմակերպություններին:
«Այսինքն՝ յուրաքանչյուր վաճառքի դեպքում, որպեսզի կազմակերպությունների ֆինանսական վիճակի պատճառով չուշացվեն վճարումները, Կառավարությունն անտոկոս վարկային միջոցներ է հատկացնում: Այդ անտոկոս վարկային միջոցները կազմակերպության կողմից օգտագործվում են ֆերմերային տնտեսություններին մթերված խաղողի դիմաց վճարումների համար, իսկ այնուհետև կազմակերպությունները երկու տարվա ընթացքում այդ վարկային միջոցները վերադարձնում են Կառավարությանը»,- ասաց նախարարը:
Նա ընդգծեց, որ այս տարին նախորդներից տարբերվում է նրանով, որ գինի և կոնյակ արտադրող, վաճառող կազմակերպությունները, կորոնավիրուսի տարածման հետևանքով, թե՛ ներքին, թե՛ արտահանման շուկաներում ունեն վաճառքների ծավալների զգալի կրճատում: Շեշտեց, որ այդ վաճառքները կրճատված են ավելի քան 30 տոկոսով:
«Կառավարությունն իր բացառիկ արտոնյալ պայմաններով, վարկավորման ուժով նպատակ ունի բոլոր կազմակերպություններին ապահովել բավարար ֆինանսական միջոցներով, որպեսզի խաղողի մթերման սեզոնին ընդառաջ՝ գնվող խաղողի դիմաց ամբողջ ծավալով կազմակերպություններն ի վիճակի լինեն վճարել գյուղացիական տնտեսություններին»,- ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ վարկի առավելագույն սահմանաչափը 1.8 միլիարդ դրամից սահմանվել է 3 միլիարդ դրամ, 18 ամիս սահմանված մարման ժամանակահատվածը փոխարինվել է 24 ամսով: Երրորդ փոփոխությունն այն է, որ արտոնյալ ժամանակահատվածը՝ մայր գումարը վճարելու համար, 2-3 ամիս ժամկետի փոխարեն սահմանվել է 3-6 ամիս:
«Կոնյակ, կոնյակի սպիրտ արտահանող կազմակերպությունները որոշակի քանակը գերազանցող արտահանումների դեպքում վճարում էին պետական տուրքի գումար: Որոշեցինք, որ մինչև դեկտեմբերի 31-ը այդ տուրքի գումարներն իրենց վճարելուն հաջորդող որոշակի օրերի ընթացքում վերադարձվելու են նույն կազմակերպություններին, որպեսզի այդ վերադարձված գումարներն օգտագործեն իրենց բնականոն գործունեության համար»,- ասաց Էկոնոմիկայի նախարարը: