Սննդի ոլորտում տնտեսվարող կազմակերպություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների պարբերական կրկնայցերն ու ստուգայցերը երկրում արտակարգ դրության հայտարարումից ի վեր ոչ մի օր չեն ընդհատվել: Կատարվել են նաև խորհրդատվական աջակցության աշխատանքեր, որոնց շնորհիվ հանրային սննդի օբյելտներում, արտադրություններում և իրացման ցանցում կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումները հասցվել են նվազագույնի:
ՍԱՏՄ տեսուչների ստուգայցերի արդյունքում թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում հայտնաբերվել են որոշակի խախտումներ: Դրանք քիչ են. երկուսը՝ Երևանում, երեքը՝ մարզերում, սակայն ցույց են տալիս, որ դեռևս շտկելու խնդիրներ կան: Այդ կազմակերպություններում խախտվել են ախտահանիչներով բոլոր նախատեսված վայրերն ապահովելու, օգտագործված դիմակների համար փակ աղբաման ունենալու, ինչպես նաև ախտահանման ու ջերմաչափման մատյանները պատշաճ վարելու նորմերը: Կազմվել են արձանագրություններ, որոնք կներկայացվեն ՀՀ պարետատուն:
Հանրապետության ամբողջ տարածքում անցկացվող մշտադիտարկումներին ու կրկնայցերին զուգահեռ՝ 24 ժամով կասեցվել է նաև մի քանի տնտեսավարողների գործունեությունը:
ՍԱՏՄ անակնկալ ստուգայցերը լինելու են շարունակական: