Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ամփոփեց օգոստոսի 9-11-ը Լիբանան կատարած այցը: Ոչ միայն երեք ինքնաթիռով հումանիտար օգնություն է հասցվել բարեկամ երկիր, այլև տեղում ուսումնասիրվել և գնահատվել են տեղի հայ համայնքի վիճակն ու կարիքները:
«Համայնքում անհանգստության մասին դեռ 1 տարի առաջ էինք լսել, բայց այս պայթյունը պահանջեց, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայացուցիչ ունենա տեղում, որը կծանոթանա իրավիճակին, և որի հիման վրա էլ Կառավարությունը կմշակի իր կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը»,- նշեց Սինանյանը:
Հայաստանյան պատվիրակությունը նախ հանդիպել է հոգևոր առաջնորդներին՝ Մեծի տանն Կիլիկո Կաթողիկոս Արամ Առաջինի գլխավորությամբ, նաև Կաթողիկե համայնքի կաթողիկոս-պատրիարք Տեր Գրիգոր 11-րդի հետ, Մերձավոր Արևելքի հայ ավետարանչական եկեղեցիների միության նախագահ, վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի և Հայկազյան համալսարանի Ռեկտոր Փոլ Հայդոստյանի, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Տեր Շահե արքեպիսկոպոս Փանոսյանի և այլոց հետ:
Հանդիպումներ եղել են նաև տարբեր կուսակցությունների և մշակութային հաստատություններ ներկայացնող մեր հայրենակիցների հետ:
«Մասնակցեցինք կարիքները գնահատող փաստահավաք խմբի այցերին պայթյունից տուժած անհատների տներ, որ հենց տուժածների հետ ծանոթանանք և կորուստները ֆիզիկապես տեսնենք՝ ինչ բնույթ են կրում»,- նշեց Սինանյանը: