Գորիսի կենտրոնի բնակիչների ուրախությանը չափ ու սահման չկա։ Քաղաքի այս հատվածում շուրջ 3 ամիս շինարարական եռուզեռ է։ Հայաստանի Տեղական տնտեսություն և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակում վերականգնվում է Գորիսի պատմական կենտրոնը։
36 շինության տանիք բարեկարգվում է, կառուցվում են կոլորիտային պատշգամբներ, փոխվում է նույնիսկ դուռ-պատուհանը: Ընդգրկված շինություններում կան նաև խանութներ, գեղեցկության սրահներ, սպասարկման ոլորտի այլ կառույցներ։
Թարմացվում է նաև Գուսան Աշոտ, Կոմիտաս, Մակիչ, Օրբելյան, Մաշտոց, Անկախության, Տաթևացի փողոցների շինությունների ճակատային հատվածի գեղարվեստական սվաղը, կամ ինչպես տեղացիներն են են ասում՝ բարքաշը. այն բնորոշ է միայն Գորիսին։
Գորիսի Վազգեն Սարգսյանի անվան նախակրթարանը, մանկական գրադարանը, որոնք ընդգրկվել են այս ցանկում, նույնպես բարեկարգ տեսք կունենան։ Փոքրիկները կարող են տաք և հարմարավետ պայմաններում անցկացնել մանկության լավագույն տարիները։
Այս ամենը 2015 թվականին մեկնարկած ծրագրի առաջին փուլն է, երկրոդ փուլով բազալտե և բետոնե սալիկներից կկառուցվեն փողոցների ճանապարհային և մայթերի հատվածները, ամբողջությամբ կփոխվեն գլխավոր ջրագծերն ու կոյուղագծերը, էլէկտրական սնուցման ցանցը։
Ընթացքի մեջ են նաև Վարարակն գետի մաքրման աշխատանքերը: Հետագայում նախատեսվում է ծրագրում ընդգրկել նաև Երիտասարդական այգու ու Վիենի պուրակի հիմնանորոգումը։