ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանն այցելել է հայկական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ՝ տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից:
Կոմիտեի նախագահը տեղում ծանոթացել է ոլորտի հնարավորություններին, զարգացման ուղղություններին, արտադրական հզորություններին, հեռանկարային ծրագրերին և նորագույն մշակումներին, քննարկումներ ունեցել արտադրող ընկերությունների հետ:
Այցերի ընթացքում ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահին են ներկայացվում ոչ միայն ԶՈՒ մատակարարվող և հաջողությամբ կիրառվող զինատեսակներ, այլև մշակման տարբեր փուլերում գտնվող նախագծեր, որոնցից շատերն արդեն փորձարկումներ են անցնում, մյուսները գաղափարների ձևավորման փուլում են:
Ռազմարդյունաբերական համալիրի արտադրողները ներկայացրել են համաճարակային իրավիճակով, ինչպես նաև այլ գործոններով պայմանավորված հարցերն ու խնդիրները, որոնք խոչընդոտում են իրենց բնականոն աշխատանքին, ընթացիկ նորարարական լուծումներն ու հեռանկարային զարգացման հնարավորությունները:
Արտակ Դավթյանը, ծանոթանալով բարձրաձայնած խնդիրներին, նշել է, որ ռազմարդյունաբերության կոմիտեն հնարավորինս շուտ կփորձի գտնել դրանց լուծումները՝ առավել բարենպաստ պայմաններ ստեղծելով հայկական ռամարդյունաբերական համալիրի արտադրողների համար: