ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ մանրամասնեց Կառավարության ընդունած՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ ծրագիրը՝ նշելով, որ հատուկ դիմում տնտեսվարողները չեն ներկայացնելու, այլ աջակցման հիմք կհանդիսանա տնտեսվարողի կողմից իր գործունեության վերաբերյալ հարկային մարմնին ներկայացրած հայտարարագիրը:
«Գիտեք՝ գործունեության երեք դասիչ է առանձնացվել, որոնք վերաբերում են հանրային սննդի, կացության և զբոսաշրջային ծառայությունների ոլորտներին: Երբ այդ կազմակերպությունները 2020-ի առաջին եռամսյակում ներկայացրել են շրջանառության հարկի կամ ավելացված արժեքի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ, այնտեղ նշել են, թե իրենց գործունեությունից եկամուտները որ տեսակին են համապատասխանում:
Միջոցառման առանձնահատկությունն այն է, որ շահառու են կազմակերպությունները, որոնց եկամուտների կեսից ավելին ստացված են եղել այդ երեք դասիչներին դասվող գործունեության տեսակներից: ՊԵԿ բազայից ավտոմատ եղանակով առանձնացվում են այն կազմակերպությունները, որոնք շահառու են որակված»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ աջակցության այլ ծրագրերից օգտվելը չի խանգարի կազմակերպություններին՝ օգտվել այս ծրագրից, սահմանափակում չկա:
Եթե կազմակերպությունը երրորդ միջոցառման շրջանակում ստացել է վարկային աջակցություն, դա չի նշանակի, որ նրա աշխատակիցների չափով աշխատավարձի ֆոնդի սուբսիդավորում չի լինելու: