Շիրակ գյուղի բնակիչ Լարիսա Նադոյանի ընտանիքը 13 հոգով ապրում է տասնամյակներով չփոխված պայմաններում: Արդեն 32 տարի տնակում են բնակվում, որդիները մեծացել են, ամուսնացել, հիմա հարսներով, թոռներով նույն տնակում են։ Ընտանիքը հինգ սենյականոց բնակարանի շահառու է։ Բնակարանի գնման վկայագիր է ստացել, սակայն ամիսներ շարունակ չեն կարողանում վկայագրով տուն գնել։ Գյուղում վաճառքի տուն չկա։
Շիրակ գյուղը Գյումրուն մոտ է, բայց քաղաք տեղափոխվել չեն ուզում։ Շիրակում հողն ու տնտեսությունն ունեն, իսկ քաղաքում հարմարվել հնարավոր չէ, հարևան գյուղեր տեղափոխվել չեն ուզում․ ծնվել-մեծացել են գյուղում։
Մարզում 40 ընտանիքի ամիսներով չհաջողվեց վկայագրով տուն ձեռք բերել: Վկայագրի ժամկետը երկարաձգվեց կառավարության որոշմամբ՝ մինչեւ նոյեմբերի 1-ը։ Բայց շահառուները վստահ են՝ դրանից էլ բան չի փոխվի, խնդրում են հետ վերցնել վկայականները, փոխարենը՝ տուն կառուցել։
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետն ասում է՝ այդ վկայագրերը տրամադրվել են շահառուների ցանկությամբ։ Մարզի գյուղերում 2020 թ-ի սկզբի դրությամբ 148 անօթևան ընտանիքից միայն 55-ն է ընտրել անհատական տներ կառուցելու տարբերակը։
Վկայագրեր ստացած ընտանիքները չեն հրաժարվում, իրենց ընտրությունն է եղել, բայց ասում են՝ սխալվել են, խնդրում են վերանայել։ Շուրջ 40 ընտանիք նույն խնդրի առջև է, մարզպետը տեղյակ է։ Եթե նման ընտանիքների համար տուն չի կառուցվում, վկայագրով էլ բնակարան ձեռք չեն բերում, վկայագրի ժամկետը լրանում է, իսկ ընտանիքները դարձյալ մնում են հերթացուցակում։