Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձև է ներկայացրել, որով նախատեսում է երկարաձգել Իրանի նկատմամբ սպառազինության էմբարգոն, հաղորդում է Reuters-ը:
Այն ավարտվում է 2020 թվականի հոկտեմբերի 18-ին Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև 2015 թվականին կնքված միջուկային գործարքի համաձայն:
Պայմանագիրը թույլ չի տալիս Թեհրանին միջուկային զենք մշակել՝ սպառնալով վերականգնել պատժամիջոցները: Միացյալ նահանգները Թրամփի նախագահության ժամանակ դուրս եկավ այդ համաձայնագրից և փորձում է ամեն գնով ուժեղացնել Իրանի նկատմամբ հսկողությունը:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հուսով է, որ կստանա եվրոպական դաշնակիցների աջակցությունը զենքի էմբարգոյի երկարաձգման գործում: Նա վստահեցնում է, որ «Իրանը իսկական սպառնալիք է Եվրոպայի համար»:
Դիտորդները, սակայն, համոզված են, որ Ռուսաստանն ու Չինաստանը կխոչընդոտեն ամերիկյան նախաձեռնությանը: