9 տարվա եռանդուն աշխատանքից հետո Գյումրիի «Շիրակի» նախագահի պաշտոնը թողեց Արման Սահակյանը:
Սահակյանի գլխավորությամբ «Շիրակը» նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը, դարձավ գավաթակիր ու սուպերգավաթակիր, հաջող հանդես եկավ եվրոգավաթներում, մասնավորապես, անմոռանալի էմոցիաներ պարգևեց «Պարտիզանի» և «Դիլայի» դեմ խաղերում: Ակումբի նախագահի պաշտոնում այժմ ընտրվել է ծնունդով գյումրեցի, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
Վիրաբյանի խոսքով, չնայած «Շիրակն» այս պահին անցումային փուլում է, դա չի նշանակում, որ թիմը բարձր հորիզոնականների համար չի պայքարելու:
Թիմը հիմնականում խաղալու է սեփական ակադեմիայի սաներով, սակայն և՛ արտերկրից, և՛ այլ ակադեմիայից ֆուտբոլիստներ կարող են հանդես գալ Գյումրիի ակումբում:
«Եվրոպա լիգայի» նոր մրցաշրջանի որակավորման առաջին փուլում «Շիրակին» մրցակցի դերում բաժին է հասել ռումինական զորեղ «Ստյաուան»:
Ինչպես հայտնի է, թիմից մի շարք առաջատարներ հեռացել են, սակայն ակումբն իր գլխավոր հարվածային ուժին՝ Մորի Կոնեին, պահպանել է: Վիրաբյանը վստահեցնում է, որ «Շիրակը» գիտակցում է՝ ուր է գնում և ինչի համար:
Հիշեցնենք, որ «Եվրոպա լիգայի» որակավորման առաջին փուլի «Ստյաուա»-«Շիրակ» խաղը կկայանա օգոստոսի 27-ին, Բուխարեստում:
Հեղինակ՝ Արմեն Գարամյան: