ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում նշեց, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառու կազմակերպությունները այս պահին ունեն 23 հազարը գերազանցող աշխատակիցներ, ինչը նշանակում է, որ միջոցառման շրջանակում աշխատակիցների աշխատավարձը փոխհատուցելու քանակը կկազմի առնվազն 5-6 հազար:
«Կարծում ենք, որ սա զգալի չափով աջակցություն է: Մոտավորապես ամսական հատուցվող գումարի չափը կարող է կազմել 600-700 միլիոն դրամ: Գիտեք, որ համանման երեք միջոցառում է Կառավարությունն իրականացրել առ այսօր:
Դրանք 5-րդ, 18-րդ և 21-րդ միջոցառումներն են: Դրանք իրենց բնույթով տարբեր են և ոլորտային առանձնահատուկ թիրախավորում չունեին: Մենք փոխհատուցում էինք աշխատատեղը պահպանած, դրանք չկրճատած կազմակերպություններին, այնուամենայնիվ, այդ միջոցառումների հանրագումարով Կառավարությունը տրամադրել էր մոտ 7 մլրդ դրամի չափով աշխատավարձի ֆոնդի սուբսիդավորում, և եթե մենք առաջիկա ամիսներին իմ նշած ծավալներով աջակցենք, ապա 9 ամսվա տվյալներով՝ այս աջակցության հանրագումարը նույնպես կարող է կազմել 6 միլիարդ դրամ»,- նշեց նախարարը: