Կոռուպցիայի դեմ մղվող պայքարը բարձրացվում է ինստիտուցիոնալ մակարդակի,- վստահ է արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը: Արդեն ստեղծված մարմիններին 2021-ին կմիանա նաև Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանը: Այս ամենի սկիզբը դրվեց նախորդ տարի՝ հակակոռուպցիոն ռազմավարության հաստատմամբ: Զուգահեռաբար ներդրվում է նաև հակակոռուպցիոն մարմինների անդամների բարեվարքության ստուգման համակարգը: Հակակոռուպցիոն դատարանի դատավորները, բացի բարեվարքության ստուգումից, կանցնեն նաև հատուկ ուսուցման ծրագիր:
Սրբուհի Գալյան, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ - Մենք խնդիր ունենք լուծելու, որ բոլոր կադրերը լինեն մասնագիտական բարձր մակարդակ ունեցող, իսկ դրա համար անհրաժեշտ է մասնագիտական հատուկ կուրսերի անցկացում:
Ինչպես անել, որ կոռուպցիոն գործեր քննող դատավորներն իրենք չներքաշվեն այդ արատի մեջ: Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ նախ թեկնածուների բարեվարքությունն են ստուգելու, իսկ գործող դատավորններին պետությունը կապահովի բարձր աշխատավարձով և այլ սոցիալական երաշխիքներով: Նոր դատարանի ստեղծումը նաև կբարձրացնի հանրության վստահությունը դատական համակարգի նկատմամբ, իսկ ծանրաբեռնվածությունն էլ համեմատաբար կթեթևանա:
Սրբուհի Գալյան, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ - Այս նախագծերի ընդունմամբ գերծանրաբեռնվածության հարցը որոշակի առումով կարող ենք լուծված համարել:
Հակակոռուպցիոն դատական համակարգի ամենակարևոր մարտահրավերը կադրերի ընտրությունն է լինելու,- հանրային քննարկմանն ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահը: Կարեն Զադոյանի համոզմամբ՝ այդ դատարանների ստեղծումը կամբողջացնի Հայաստանում հակակոռուպցիոն համակարգը:
Կարեն Զադոյան, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ - Մի կարևոր խնդիր դեռևս բաց է մնում՝ դա հակակառուպցիոն մարմինների սահմանադրական կարգավիճակի հարցն է:
Հակակոռուպցիոն դատական համակարգի դատավորների ընտրության չափանիշները, ըստ փաստաբան Լուսինե Հակոբյանի, խնդրահարույց են: Դրանցից մեկի համաձայն՝ փաստաբանները ևս կարող են դառնալ դատավոր, սակայն կա սահմանափակում՝ բացառությամբ վերջին 5 տարվա ընթացքում կարգապահական տույժի ենթարկվածների:
Լուսինե Հակոբյան, փաստաբան - Սա խիստ խնդրահարույց ենք դիտարկում, ինքս 8 տարի փաստաբանական գործունեություն եմ ծավալու և հառկապես քաղաքական հնչեղություն ունեցող դատավարություններով փաստաբանները ենթարկվել են ճնշումների՝ փաստաբանների պալատի կողմից:
Իրավաբան, Վճռաբեկ դատարանի փորձագետ Առնոլդ Վարդանյանի կարծիքով՝ շատ զարգացած երկրներ գնում են առանձին հակակոռուպցիոն դատական համակարգ ձևավորելու ուղղությամբ: Հայաստանը բացառություն չէ:
Դատավորների թեկնածուների բարեվարքության ստուգումն իրականացնելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանը քրեական գործերը քննելու է արդեն հաստատված կոռուպցիոն հանցագործությունների ցանկի համաձայն: Այն ամիսներ առաջ հավելվածի տեսքով ավելացվել էր Քրեական օրենսգրքում: Դատարանը կունենա 25 դատավոր, որոնցից 5-ը կզբաղվի միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով: