Միջերկրական ծովում նավթի ու գազի արդյունահանման ծրագիրը զարգացնելու Անկարայի մտադրության պատճառով թուրք-հունական լարվածության սրման ֆոնին Ֆրանսիան մտադրվել է ավելացնել իր ռազմական ներկայությունը Միջերկրական ծովում՝ տեղեկացնում է Al Jazeera-ն:
Ռազմական ներկայության ավելացման ծրագրի շրջանակում Ֆրանսիան տարածաշրջան կուղարկի երկու կործանիչ և մեկ հածանավ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Միջերկրական ծովում ստեղծված իրավիճակը որակել է «անհանգստացնող» և Թուրքիային կոչ արել դադարեցնել արդյունահանման «միակողմանի» ծրագիրը, «թույլ տալ խաղաղ բանակցությունների անցկացում» ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև:
«Որոշում եմ կայացրել առաջիկայում ժամանակավորապես ամրապնդել Ֆրանսիայի ռազմական ներկայությունը Միջերկրական ծովի արևելյան հատվածում՝ գործակցելով եվրոպական գործընկերների, այդ թվում՝ Հունաստանի հետ»,-Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Ֆրանսիայի նախագահը: