Արդեն ավելի քան երկու տարի է, ինչ Հայաստանում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը շրջափակման մեջ է։ Այժմ, հանքարդյունաբերող ընկերության վերակազմավորման գործընթացի շրջանակում, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հայտարարել է, որ իր ներդրումներն այս նախագծում դադարեցված են։ Այս մասին հաղորդում է «Սիվիլնեթը»՝ հղում անելով Opendemocracy.net կայքին:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Հայաստանում 400 մլն դոլար արժողությամբ ոսկու խնդրահարույց հանքավայրում ներդրումները մոտենում են ավարտին, ասվում է բանկի բողոքների վերաբերյալ մարմնի (Ծրագրերի բողոքարկման մեխանիզմի) նոր գնահատող զեկույցում։
Հոդվածում նշվում է, որ վերջին երկու տարիների ընթացքում Lydian International-ի՝ Ամուլսարում ոսկու հանքավայրը գտնվում էր տեղի բնակիչների և բնապահպանական ակտիվիստների շրջափակման մեջ, որոնք 2018 թվականին երկրում Թավշյա հեղափոխությունից հետո արգելափակել էին մուտքը դեպի հանք: Լուրը, որ ՎԶԵԲ-ի ներդրումները ավարտին են մոտենում, հայտնվել է վերջին շաբաթներին Ամուլսարում բողոքի ցույցերի վերսկսման ֆոնին այն բանից հետո, երբ «Լիդիան գրուպը» նոր՝ մասնավոր պահնորդական ընկերություն էր վարձել և տարածքից հանել ակտիվիստների վագոնները:
ՎԶԵԲ-ը 2009-ից Ամուլսարում ֆինանսավորել է երկրաբանահետախուզական աշխատանքները, հորատման և տեխնիկատնտեսական հիմնավորումները, ինչպես նաև «Լիդիանի» կողմից իրականացվող բնապահպանական և սոցիալական հետևանքների մեղմացման միջոցառումները։ Բանկը քաղաքացիական հասարակության խմբերի կողմից քննադատության է ենթարկվում «Լիդիան» ընկերությանն աջակցելու համար:
Ամուլսարի շրջափակումը բարդ դիմակայության պատճառ է դարձել Հայաստանի կառավարության՝ ի դեմս բողոքի ցույցերի նախկին առաջնորդ և ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, անգլո-կանադական հանքարդյունաբերական Lydian International ընկերության և հենց այդ ցույցերի մասնակիցների միջև: Դիմակայությունը ներքաշել է նաև հանքի միջազգային աջակիցներին, այդ թվում՝ ՎԶԵԲ-ին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կառավարություններին:
Շարունակվող շրջափակումը և Կառավարության պատվիրած բնապահպանական աուդիտը թույլ չտվեցին «Լիդիանին»՝ Հայաստանի խոշորագույն օտարերկրյա ներդրողին, ավարտելու աշխատանքները հանքում, ինչպես նաև ֆինանսական դժվարություններ առաջացրին վերջինիս մոտ։ ՎԶԵԲ-ի նախագծերի գնահատման անկախ մեխանիզմի (IPAM)՝ օգոստոսի 7-ին հրապարակած զեկույցում ասվում է, որ բանկի ներդրումները «կդադարեցվեն» Lydian-ի կորպորատիվ վերակազմավորման գործընթացի շրջանակում:
Քննադատները մատնանշում են հանքի հնարավոր բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի, տեղական տուրիզմի և սոցիալական փոփոխությունների վրա։ 26 000 մարդու կողմից ստորագրված հանրագիրը հանքի ֆինանսական աջակիցներին, ներառյալ ՎԶԵԲ-ին, կոչ է անում հետ կանչել իրենց ներդրումները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: