2020 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերով Շիրակի տարածքային բաժնի մասնագետները էներգետիկայի և էներգասպառման բնագավառի անվտանգության պահանջների պահպանման նպատակով ստուգումներ են իրականացրել մարզի թվով 5 կազմակերպություններում։
Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են նորմատիվ իրավական փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ ու թերացումներ:
Մասնավորապես՝ ՀԷՑ ՓԲԸ-ի Ղարս մասնաճյուղում, առանց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից ստացված գործարկման եզրակացության, գործարկվել է տրանսֆոմատորային ենթակայան։ Ստուգման արդյունքում չեն ներկայացվել պատահարների քննությունների վերաբերյալ արձանագրությունները, էլեկտրակայանքներում բացակայել են շինմոնտաժային կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ համատեղ ձևակերպված ակտ-թույլտվությունները:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ-ում՝ առանց տեսչական մարմնից ստացված գործարկման եզրակացության, գործարկվել են թվով 7 էներգատեղակայանքներ։ Արձանագրվել են մի շարք թերություններ ու բացթողումներ՝ կապված աշխատանքները փաստաթղթերով ձևակերպելու և ներկայացնելու կատարման հետ:
Վերոնշյալ խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, կիրառվել վարչական պատասխանատվության միջոցներ։ Խախտումներ թույլ տված կազմակերպություններին տրվել են նաև ցուցումներ ու կարգադրագրեր, սահմանվել ժամկետներ՝ արձանագրված թերությունները վերացնելու համար։
Կան նաև կազմակերպություններ, որոնց ստուգումների արդյունքում էական խախտումներ չեն հայտնաբերվել, սակայն մասնակի թերությունները վերացնելու համար տրվել են կարգադրագրեր։
Նշենք նաև, որ Շիրակի տարածքային բաժնի մասնագետներն իրականացրել են իրազեկման և խորհրդատվական աշխատանքներ։