Աստղիկ Ազատյան, Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան գյուղի դպրոցի տնօրեն - «Կարծես մի փոքրիկ Եվրոպա լինի այս բազմաչարչար գյուղում, ուրախ ենք, թող սա սկիզբը լինի, բայց վերջը չլինի»:
Բարեկամավանցիների ցանկությունը համահունչ է Հայփոստի` սահմանամերձ գյուղերում սկսած զարգացման նոր, ընդգրկուն ծրագրի կարգախոսին` «Գյուղում` ինչպես քաղաքում»: Տավուշում ծրագիրը մեկնարկեց սահմանային Բարեկամավանում; Հանդիսությամբ բացվեց «Հայփոստի» նորացված մոդելի բաժանմունքը` գյուղամիջի միակ նոր կառույցը:
Ստեփան Ծատուրյան, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ - «Սա Կառավարության նոր ռազմավարության քայլերից մեկն է: Սա ուղղակի գեղեցիկ շինություն չէ, այստեղ բովանդակային առումով հասանելի ենք դարձնելու նաև այլ ծառայություններ, որոնք պետության կողմից մատուցվում են ինչպես մեկ պատուհանի սկզբունքը»:
Նոր բաժանմունքը կառուցվել է հին շենքի հարևանությամբ, որը հակառակորդի նշանառության թիրախում էր, իսկ ներսում, կարծես, ժամանակը ինչ-որ պահի կանգ էր առել: Այստեղ 5 տարի աշխատելուց հետո Նունե Սարգսյանին նորը իրական երազ է թվում:
Նունե Սարգսյան, Բարեկամավանի փոստային բաժանմունքի ավագ օպերատոր - «Որ դրսից մարդիկ էին գալիս, ամաչում էինք ցույց տալ մեր պայմանները, հիմա լուսավոր, հարմարավետ, ջերմությունը կա, սանհանգույցը կա: Ե՛վ մեզ համար է լավ, և՛ հաճախորդի»:
Նոր բաժանմունքը նոր շունչ ու գույն է բերել սահմանային գյուղ` ծառայությունների լայն սպեկտրով, մեծ աշխարհի հետ կապի հնարավորություններով:
Հայկ Կարապետյան, «Հայփոստը» ընկերության գլխավոր տնօրեն - «Մենք բերում ենք գյուղ նաև լայնաշերտ ինտերնետ, որը չկար Բարեկամավանում: Համոզված եմ, որ օպտիկամանրաթելային ինտերնետը հնարավորություն կտա երիտասարդներին լինել ինտեգրված, օնլայն կրթություն ստանալ` ապրելով իրենց գյուղում, օգտվել թվային աշխարհի բոլոր ծառայություններից: Եթե պետությունը՝ ի դեմս «Հայփոստի», անում է ներդրումներ այս ռեգիոնում, ուրեմն մասնավորն էլ կգա և կանի»:
Տավուշի մարզպետն ասաց՝ սահմանամերձ գյուղում նոր գործերը երկար չեն սպասեցնի, այս գույները շարունակություն կունենան:
Հայկ Չոբանյան, Տավուշի մարզպետ - «Մենք արդեն նշաձող ենք սահմանել, որը ոչ միայն ուղղակի ծառայության մասին է, այլև միջավայրի, կյանքի որակի; Ուզում եմ ուրախությամբ նշել, որ «Հայփոստի» մոտ գտնվող դպրոցի շինարարությունը կսկսի հենց վաղը, կսկսենք տանիքից և կօգտագործենք այս գույները»: